Մանրամասներ՝ Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչությունից
Մանչեսթրում հարձակումը, որի հետեւանքով 22 մարդ է զոհվել, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որն իր հետ պայթուցիկ սարք էր բերել մարզադաշտ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Մեծ Մանչեսթրի գլխավոր կոնսթեբլի՝ Իեն Հոփկինսի խոսքով, ահաբեկիչը տեղում զոհվել է: Չնայած այն բանին, որ ոստիկանության կարծիքով հարձակվողը գործել է միայնակ, հետաքննիչները փորձում են պարզել՝ ունեցել է նա արդյոք հանցակիցներ: Ոստիկանությունը վստահ է, որ «տղամարդն իր հետ բերել էպայթուցիկ սարք, որը նա գործի է դրել»:
Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: