Թերեզա Մեյը Մանչեսթրում տեղի ունեցածը որակել է սարսափելի ահաբեկչություն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 22-ին Մանչեսթր քաղաքում տեղի ունեցած պայթյունը որակել է «սարսափելի ահաբեկչություն»։
«Մենք աշխատում ենք, որպեսզի պարզենք այն բանի բոլոր հանգամանքները, ինչը ոստիկանությունը դիտարկում է որպես սարսափելի ահաբեկչական գործողություն»,-ասված է վարչապետի դիվանատան տարածած հաղորդագրության մեջ:
«Մեր բոլոր մտքերը տուժածների ու նրանց ընտանիքների մասին են»,-հայտարարել է Մեյը: Ինչպես հայտնել է Press Association գործակալությունը, պայթյունի պատճառով Մեյն ընդհատել է իր ընտրարշավը՝ կապված հունիսի 8-ին նշանակված վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների հետ: Մայիսի 23-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը կանցկացնի COBRA արտակարգ կառավարական կոմիտեի նիստ: Գործակալության տվյալներով՝ Մեյը «կգլխավորի COBRA արտակարգ կառավարական կոմիտեի նիստը Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ»:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Մանչեսթրի ծածկած մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել առնվազն 19 մարդ, շուրջ 60 հոգի վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի գոտում: Այդ րոպեներին ավարտվում էր երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Որոշ տվյալներով՝ եղել է երկու պայթյուն: Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը դիտում է որպես «ահաբեկչական միջադեպ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։