Արման Սահակյանի հետընտրական «պարգևատրումները». «Ֆազի» եղբոր կինը տնօրեն է դարձել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանում հետընտրական պարգևատրումները շարունակվում են: Աջափնյակում առաջադրված եւ 18.000 քվե ստացած Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը զբաղված է մերձավորներին աշխատանքի տեղավորելու գործով: Ընտրություններից հետո, որպես ձայն բերելու լավ աշխատանքի վարձատրություն՝ կնոջը մանկապարտեզի տնօրենի աշխատանքից առաջիկայում կտեղափոխի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնին: Սահակյանները, սակայն, որոշել են պարգևատրել ոչ միայն իրենց տան անդամներին, այլեւ իրենց աջակիցներին:

Մասնավորապես «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ նախկինում ԲՀԿ, իսկ այժմ էլ ՀՀԿ ավագանու անդամ Գրիգոր Գրիգորյանի կնոջը՝ Լուսինե Առաքելյանին: Վերջինս դեռ որպես խորհրդարանական ընտրությունների պարգեւատրում ստացել էր Աջափնյակի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 41 մանկապարտեզի տնօրենի պաշտոնը: Լուսինե Առաքելյանը Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզում անգլերենի ուսուցչուհի է եղել: Սկզբում որոշել են նրան որպես պարգեւատրում նշանակել հենց այդ մանկապարտեզի տնօրեն, սակայն տեղի տնօրեն Աննա Հարությունյանին հեռացնել չի հաջողվել: Փոխարենը Սահակյանները սահուն կերպով հեռացրել են թիվ 41 մանկապարտեզի տնօրենին, որն ի դեպ Գագիկ Բեգլարյանի մորաքրոջ հարսն է՝ Հայկանուշ Միքայելյանը:

Վերջինս «բյուլետեն» է ձեւակերպել՝ արձակուրդ գնացել, այդ ընթացքում ազատվել աշխատանքից: Միքայելյանն իրեն աշխատանքից ազատելու փաստն այժմ վիճարկում է դատարանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս