Ռեփեր Drake-ը դարձել է Billboard հանդեսի մրցանակների ռեկորդակիրը
Կանադացի երաժիշտ, պրոդյուսեր, դերասան Drake-ը դարձել է Billboard Music Awards երաժշտական մրցանակի պարգեւատրման արարողության հաղթահերոսը՝ ստանալով ռեկորդային 13 պարգեւ: Դրա հետ մեկտեղ 30-ամյա ռեփերին հաջողվել է հաղթող դառնալ ամենագլխավոր՝ «Լավագույն արտիստ» կատեգորիայում՝ հաղթելով այնպիսի փորձառու մրցակիցների, ինչպիսիք են Ադելը, Բեյոնսեն եւ Ջասթին Բիբերը։
Billboard հանդեսի մրցանակի դափնեկիրները հայտարարվել են մայիսի 21-ի երեկոյան ԼասՎեգասում (Նեւադայի նահանգ) տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում:
Drake-ն հաղթող է դարձել երաժշտական մրցանակի բոլոր ամենահեղինակավոր կատեգորիաներում. նա ճանաչվել է Լավագույն երգիչ», «Billboard 200-ի լավագույն արտիստ» եւ «Billboard 100-ի լավագույն կատարող»: Բացի այդ, կանադացի կատարողը դարձել է տարվա «Լավագույն ռեփերը», իսկ նրա չորրորդ ալբոմը՝ View-ը, որը թողարկվել է 2016 թվականին եւ տասը շաբաթվա ընթացքում գլխավորել առավել մեծ ժողովրդականություն վայելող հարյուր երգերի վարկանիշը, հայտարարվել է «Ռեփ ոճի լավագույն ալբոմ»:
«Տարվա լավագույն երգչուհին» ճանաչվել է ամերիկուհի Բեյոնսեն, որին հաջողվել է այս տարի ստանալ Billboard հանդեսի հինգ պարգեւներ, հիմնականում շնորհիվ հյուրախաղային մեծ շրջագայության (The Formation World Tour): Նույնքան պարգեւ էլ ամերիկյան Twenty One Pilots դուետի հաշվին է: Այս կոլեկտիվը դարձել է տարվա «Ամենամեծ ժողովրդականություն վայելող խումբը», ինչպես նաեւ հաղթել է «Ռոք ոճի լավագույն երգը» կատեգորիայում՝ «Heathens» սինգլի համար:
Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբեռլեյքը մրցանակի դափնեկիր է հայտարարվել «Ամենավաճառվող երգը» կատեգորիայում՝ «Can’t Stop The Feeling!» կոմպոզիցիայի համար: Նա նաեւ հաղթել է «Լավագույն երգը ռադիոյի համար» անվանակարգում:
Metallica ամերիկյան կոլեկտիվը Billboard հանդեսի մրցանակն ստացել է «Լավագույն ռոք-ալբոմ» անվանակարգում: Դեռ 1981 թվականին ստեղծված խումբը կրկին Billboard-ի մրցանակի դափնեկիր է դարձել 20 տարի անց: Հանդեսի նախորդ պարգեւը երաժիշտներին հանձնվել էր տակավին 1999 թվականին: Խմբի ներկայիս՝ վերջին ալբոմը՝ «Hardwired…To Self Destruct» անվանմամբ, թողարկվել է անցյալ տարվա աշնանը, եւ նոյեմբերի 18-ին ալբոմն առաջին անգամ առաջատարի հորիզոնականում է հայտնվել երկու հարյուր առավել մեծ ժողովրդավակություն վայելող երգերի վարկանիշում:
24-ամյա բրիտանացի երգիչ Մալիք Զեյնը, որը հայտնի է Zayn բեմական անունով, մրցանակ է ստացել որպես «Լավագույն նոր կատարող»: 2016 թվականի մարտին տեղի ունեցավ նրա Mind of Mine դեբյուտային ալբոմի ռելիզը: Այս սկավառակի գլխավոր երգը՝ Pillowtalk-ը, արագորեն առաջին հորիզոնականներն զբաղեցրեց աշխարհի մի քանի երկրների, ներառյալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Կանադայի հիթ շքերթներում:
Billboard Music Awards-ը երաժշտական մրցանակների հանձնման ամենամյա արարողություն է, որը կազմակերպվում եւ հովանավորվում է Billboard հանդեսի կողմից, եւ ԱՄՆ-ի երեք խոշորագույն երաժշտական պարգեւներից մեկն է «Գրեմմի»-ի եւ American Music Awards-ի շարքում:
Մրցանակի անվանակարգորդներին եւ դափնեկիրներին ընտրում են մի քանի ցուցանիշներով, ներառյալ ալբոմների եւ թվային կոմպոզիցիաների վաճառքները, հարցումները Համացանցում, ռադիոհեռարձակումները, արտիստների հյուրախաղերը եւ նույնիսկ նրանց հասարակական ակտիվությունը: Այս տվյալներին հանդեսը հետեւում է տարվա ընթացքում: Այս տարի մրցանակը երաժիշտներին հանձնվել է 2016 թվականի
մարտի 18-ից մինչեւ 2017 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակաշրջանում նրանց գործունեության՝ համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: