Բաժիններ՝

Հայաստանի տաղավարը ներկայացավ 70-րդ Կաննի կինոշուկայում

Այս տարի, Կաննի 70-րդ կինոփառատոնի ընթացքում` մայիսի 18-26-ը, կինոշուկայում առաջին անգամ Հայաստանը կներկայանա Village International/Pantiero հատվածում՝ 226 համարի տակ գործող Հայաստանի Հանրապետության տաղավարով, որտեղ այս օրերին հաջողելու իրենց շանսերն են փորձում «Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» կինոնախագծերը: Այնուամենայնիվ, Կաննի կինոշուկա Հայաստանը բերել է նաև ոչ միայն հաղթած երեք նախագծերը. հայկական տաղավարում են հայտնվել նաև մրցույթից դուրս կինոնախագծեր, որոնք օգտագործելով հայկական տաղավարի հնարավորությունները` կներկայացվեն այստեղ:  

Հայաստանի պատվիրակության գլխավորությամբ հայկական տաղավարի պաշտոնական բացումն արդեն տեղի է ունեցել, որի ընթացքում մեր տաղավար այցելած հյուրերը հանդիպումներ են ունեցել կինոշուկայում իրենց նախագծերը ներկայացրած մասնակիցների և պատվիրակության մնացյալ անդամների հետ: Թե առավել շոշափելի ի՞նչ արդյունքների կարող ենք սպասել այս հանդիպումների ավարտին, ցույց կտա ժամանակը: Հայկական պատվիրակության ղեկավար Արսեն Բաղդասարյանն այս օրերին Կաննում գտնվող 168.am-ի հետ զրույցում նկատել է.

«Այսօր հայկական տաղավարի օրն է, որտեղ մենք ներկայացնում ենք մեր կինոնախագծերն աշխարհի բոլոր ծայրերից՝ Ամերիկայից, Եվրոպայից և այլ երկրներից մեր տաղավար այցելող հյուրերին: Հայկական կինոշուկայի փոփոխությունները դրական ընդունելության են արժանացել մեր հյուրերի կողմից, և հույս ունենք, որ մեր այսօրվա հանդիպումները շատ արդյունավետ են լինելու: Մենք փորձում ենք համատեղ ֆիլմարտադրության հնարավորություններ ստեղծել մեր մասնակիցների համար: Այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է նախատեսվածին համապատասխան: Բոլորը ոգևորված են հեռանում մեր տաղավարից: Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանը պիտի դառնա նոր Հոլիվուդ, և մենք մեր հնարավորությունների չափով ամեն ինչ անում ենք դրան հասնելու համար»: 

Կաննի հայաստանյան հանձնաժողովի պատասխանատու, ռեժիսոր, «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանի հետ զրույցում պարզվեց՝ Կաննում ինքն արդեն հասցրել է ունենալ մի քանի հանդիպումներ, որոնք, ըստ նախնական կանխատեսումների, համարտադրության տեսակետից դրական ելքեր են խոստանում.

«Կաննը միշտ ավելին է տալիս, քան ես պլանավորում եմ: Շատ հեշտ է լեզու գտնելը, եթե նախապես պայմանավորվածություններ արդեն կան: Եթե արագ պայմանավորվածություններից մենք ունենք A կարգի կինոփառատոնի առաջարկ «ՍԻՆԵՄԱ» կենտրոնի երիտասարդ կինոռեժիսորների փաթեթի տակ, որ ներկայանում է նոր հայկական կինոյի տակ, դիստրիբյուտորներն էլ շատ հետաքրքրված են նոր սերնդի կինոմտածողությամբ: Վաճառքի հետ կապված՝ ունենք համաձայնություն ֆրանսիական ընկերություններից մեկի հետ, գերմանական ընկերություններից մեկի հետ փորձում ենք տարածել «Մետամորֆոզ» ֆիլմը, իսկ մյուս տարին հռչակված է իբրև Կաֆկայի տարի, շատ մեծ հույս ունեմ, որ այդ ֆիլմն արդեն եկող տարի կբարձրանա մեծ էկրան: Այստեղ փորձում ենք զարգացնել նաև «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը, որը նույնպես, հույս ունեմ, կհաջողի: 

Անդրադառնալով հայկական տաղավարին՝ պետք է նշեմ, որ սա իմ հպարտությունն է այս տարի, որովհետև ես միշտ երազել եմ Կաննում ունենալ Հայաստանի Հանրապետության դրոշն ու տաղավարը: Դա թվում էր շատ հեռու ապագա, բայց շնորհիվ նոր փոփոխությունների, որ այս տարի նախաձեռնեց և իրականացրեց ՀՀ նշակույթի նախարարությունը, սա այլևս իրականություն է: Հայկական տաղավարում այս տարի ընտրվել և ներկայացվել են այն նախագծերը, որ հեռանկարային են շուկայում, բայց որոնք ներկայացնում են երիտասարդ ռեժիսորներ: Նրանց նկատմամբ ընդգծված ուշադրությունը գալիս է նրանց, որ մենք մեծ ցանկություն ունենք նոր սերնդի կինոն բերել Կանն: Սա, իհարկե, հակազդեցություն է առաջացնում, բայց ժամանակակից շուկան պահանջում է նոր ձեռագիր ու նոր ասելիք: Մեր տաղավարը թարմ է. այնտեղ ներկայացվող կինոնախագծերը նոր են, իսկ նորը ընկալվելու համար ժամանակ է պահանջում»:  

168.am-ը տեղում զրուցեց նաև Կաննի կինոշուկայում ներկա նախագծերի ներկայացուցիչներից երկուսի՝ «Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը» նախագծի պատասխանատու Իննա Սահակյանի և «Փոխանակում» կինոնախագծով ներկայացող երիտասարդ ռեժիսոր Սերգո Ուստյանի հետ: 

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի նախագիծը նույնպես այս օրերին Կաննի կինոշուկայում է: «Բարս մեդիայից» նախագծի պատասխանատու Իննա Սահակյանը փորձում է Կաննում անցկացրած օրերը հնարավորինս արդյունավետ դարձնել նախագծի համար, որը վերապատմում է Արշալույս Մարտիկյանի կյանքի պատմությունը՝ հիմնված ֆիլմի գլխավոր հերոսուհու վավերագրական հարցազրույցների և իր մասին պատմող համր ֆիլմի 20 րոպե տևողությամբ դրվագների վրա: Ֆիլմի տրամադրությունն ու գեղարվեստական ասելիքը կինոդիտողին կփոխանցվի անիմացիոն կադրերի միջոցով: Այլ կերպ ասած՝ նոր ստեղծվող ֆիլմի հիմնական գործիքը կլինի անիմացիան, իսկ պատմությունը վավերագրական է.

«Շուկան նախատեսված է առաջին քայլն անելու համար: Այստեղ անցկացրած մի քանի օրերի ընթացքում հասցրել եմ շատ հանդիպումներ ունենալ: Շատերն են հետաքրքրվել նախագծերով, որոնք ես բերել եմ ինձ հետ, բայց դեռ վստահ ասելու համար՝ այս ամենն ո՞ւր կարող է տանել, շատ վաղ է: Մեր ոլորտում, որպես կանոն, կարող ես ունենալ հարյուր հանդիպում, որոնցից ոչ մեկը որևէ տեղ չի տանի, բայց լինում է հենց մեկը, որ շատ կարևոր և ճակատագրական է լինում ֆիլմ-նախագծի հետագա զարգացման համար: Այսօր հայկական պատվիրակության կազմում ընդգրկված բոլոր երեք մասնակիցներն այստեղ՝ հայկական տաղավարում, կներկայացնեն իրենց նախագծերը, և մեծ հույս ունենք, որ այստեղից ևս որոշակի հետաքրքրություններ կլինեն: Սրանից հետո ես ունեմ ևս մի քանի անձնական հանդիպումներ»,- 168.am-ի հետ զրույցում պատմել է Իննա Սահակյանը:

«Փոխանակում» կինոնախագծով ներկայացող ռեժիսոր Սերգո Ուստյանի կինոպատումը խաղարկային ժանրում է: Ռեժիսորը հայկական պատվիրակությանը միացել է երեկ, բայց արդեն իսկ հասցրել է հանդիպում ունենալ ռուսական կինոարտադրող ընկերություններից մեկի հետ: Կինոշուկայի շրջանակներում համատեղ կինոարտադրության ակնկալիքով պատրաստվում է հանդիպումներ ունենալ նաև ավստրիական, բելգիական, ֆրանսիական և գերմանական կինոընկերությունների հետ. «Ապագա ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, գործողությունները տեղի են ունենում 90-ականների սկզբին՝ Հայաստանում և Ադրբեջանում: Նկարահանումները նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ թուրք դերասանների մասնակցությամբ: Ֆիլմը նախատեսվում է հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով: Ֆիլմում անդրադարձ կա հայ-ադրբեջանական հակամարտության թեմային: Գործողությունների որոշ մասը տեղի են ունենում Հայաստանում և Ադրբեջանում: Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2018-ի վերջին եռամսյակում: Ամեն բան կախված է այստեղ՝ Կաննում, ձեռք բերված համագործակցությունների արդյունքներից»: 

Կանն-Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս