Բաժիններ՝

ԱՄՆ սենատորը Էրդողանի թիկնապահների պահվածքը խայտառակություն է որակել

ԱՄՆ դեմոկրատ սենատոր, Ռոդ Այլենդը ներկայացնող Ջեք Ռիդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել:

«Միանում եմ բոլոր ամերիկացիներին՝ դատապարտելով նախագահ Էրդողանի թիկնապահների կողմից Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունը»,­- նշել է Ռիդը: Դեմոկրատ սենատորը խայտառակություն է համարել Էրդողանի թիկնապահների պահվածքը՝ շեշտելով, որ բռնության են ենթարկվել նաև իր կողմից ներկայացվող համայնքի ներկայացուցիչներ, ովքեր խաղաղ կերպով իրացնում էին ԱՄՆ սահմանադրության առաջին փոփոխությամբ սահմանված իրենց իրավունքը (խոսքի ազատության իրավունք­ խմբ.):

«Անվտանգության այն աշխատակիցները, ովքեր ներգրավված են եղել հարձակման մեջ, պետք է կարգի հրավիրվեն, իսկ Թրամփի վարչակազմը պետք է պարզ ու հստակ դարձնի բոլոր դեսպանատների համար, որ ԱՄՆ-­ում մեր օրենքները պաշտպանում են ցուցարարներին և խաղաղ հավաքների ու ազատ խոսքի նրանց իրավունքը»,­- ընդգծել է սենատոր Ջեք Ռիդը:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները:

Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը: Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի: Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, Վաշինգտոնի քաղաքապետը և մի շարք կոնգրեսականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս