Միհրան Պողոսյանն առաջարկում է զսպաշապիկ «հագցնել» բանկերին. «Իմ պրակտիկ փորձից եմ ասում»
Այսօր ԱԺ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է կարգավորել բանկային և վարկային կազմակերպություններին թույլատրվող մաքսիմալ տոկոսադրույքները: Ըստ նրա` քաղաքացիներին շփոթության մեջ է դնում վարկի տրամադրման ժամանակ հավելյալ ծախսերի տրամադրումը, և քաղաքացին իմանալով, թե X%-ով վարկ է վերցնում, փաստացի ծառայությունների արդյունքում տոկոսն աճում է, նաև ժամանակին վարկի տոկոսը չմարելու պատճառով փաստացի տոկոսն ավելանում է:
«Իմ պրակտիկ փորձից եմ ասում, որ 200-300% ավելանում է վերցրած վարկի տրամադրված դրույքաչափը, ինչ նախապես եղել է»,- ասաց Պողոսյանը:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ վարկային տոկոսի հետ կապված մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, որովհետև այդ խնդիրը պետք է շուկայական կանոներով կարգավորվի: Նրա կարծիքով` այդ ոլորտ մխրճվելը կազդի տնտեսական զարգացման վրա: Այս ոլորտում արդյունքների հասնելու համար, Մինասյանի կարծիքով, պետք է հասնել ստվերի կրճատման և մրցակցային հնարավորությունների մեծացման:
«Պետք է թույլ տալ, որ կառույցը, որը փող է ծախում, իր ռիսկերը նվազեցնի»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ սպառողական և տնտեսական վարկերի համար տարբեր մոտեցումներ կան:
«Իմ կարծիքով` օրենսդրական զսպաշապիկ է պետք, ոչ թե շուկայական հարաբերությունները կարգավորեն»,- հայտարարեց Մ.Պողոսյանը` նշելով, որ այսօր բնակչության զգալի մասն այդ խնդիրն ունի: