«Իմ նկատմամբ ճնշումներ չեն կարող լինել. ուղղակի փորձում են սպառնալիքներով հունից հանել». Ինեսսա Պետրոսյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փաստաբան Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրեն սպառնում են։ «Ինչպես գիտեք, ներկայացնում եմ քրեական գործով ըստ մեղադրանքի Արտաշես Չիչոյանի և մյուսների տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի շահերը։ Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահներն իրազեկված են։ Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն, արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը»,- գրել էր նա՝ ներկայացնելով իրեն ուղարկված նամակի սքրին-շոթը։
168.am-ը փաստաբանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել։
«Դա արդեն հրապարակային ներկայացվել է, և պետք է ընդունվի՝ որպես հաղորդում հանցագործության մասին, բայց երևի Փաստաբանների պալատն էլ կդիմի իրավապահ մարմիններին։ Դատական նիստերի սկզբից այդ սպառնալիքները սկսվել են, այդ կապակցությամբ արդեն դիմել էի գլխավոր դատախազին»,- պարզաբանեց նա։
Փաստաբանը նշեց, որ իր նկատմամբ ճնշումներ չեն կարող լինել. «Դա ընդհանրապես բացառում եմ։ Ուղղակի սպառնալիքներով, հայհոյանքներով փորձում են ինձ հունից հանել։ Հիմա էլ անցել են նամակագրությանը՝ սպառնալով, թե երդում էլ ունեն։ Նյութը բազմաթիվ լրատվամիջոցներով տարածվել է և համարվում է հաղորդում հանցագործության մասին»։