Կառավարության և քաղհասարակության միջև քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր
Հայաստանի արտգործնախարարությունում մայիսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպում, որի նպատակն էր քննարկել ՀՀ-ԵՄ 2017-2020թթ. գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի ուրվագիծը, ինչպես նաև համապատասխան ուղղություններով համատեղ աշխատանքի հնարավորությունները:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչէ Գաբրիելյանը, մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման ու ներդրումների, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների և արդարադատության նախարարների տեղակալները, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեի, քարտուղարության ու մի շարք անդամ կազմակերպություւնների ներկայացուցիչներ:
Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվել շարունակել երկխոսությունը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերի շուրջ: