«Ընդդիմադիրի բեռն այսօրվա դրությամբ մնաց «Ելքի» ուսերին»
«6-րդ գումարման ԱԺ-ն մյուսներից ոչնչով չի առանձնանա. 6 ֆրանկցիայի տեղը 4 ֆրանկցիա է, 131 պատգամավորի փոխարեն՝ 105 է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ամփոփելով ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը՝ Կարեն Քոչարյանը շեշտեց, որ Հայաստանում դեռևս չի ձևավորվել այն մշակույթը, այն քաղաքական ավանդույթները, որոնք սովորաբար ընդունված են դասական պառլամենտարիզմի պայմաններում: Բայց կան դասական քաղաքական ֆորմուլաներ, ըստ որի՝ ընդդիմադիր կուսակցությունը չի կարող քվեարկել իշխանական կուսակցության թեկնածուի օգտին:
Երեկ Արա Բաբլոյանի օգտին քվեարկեց խորհրդարանի 88 պատգամավոր: «Ծառուկյան դաշինքի երեկվա քվեարկությամբ կարող ենք ասել, որ ընդդիմադիրի բեռը այսօրվա դրությամբ մնաց «Ելքի» ուսերին: «Ելքն» էլ ոչ մի բան չուներ նրա դեմ, բայց քաղաքական ֆորմուլայի համաձայն՝ դեմ քվեարկեց»:
Ասուլիսի մյուս բանախոս քաղաքագետ Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ առկա խնդիրներին այլընտրանքային լուծումներ առաջարկելու է «Ելքը» և «դառնալու է ընդդիմություն»:
Ինչ վերաբերում է Արա Բաբլոյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվելուն՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ նա ամեն տեսակետից դարձել է կոմպրոմիսային ֆիգուր: Նախ՝ նա ընկալելի է, նոր է հասարակության համար: Նա «թաթախված» չէ ինչ-որ գործարքների մեջ, օդիոզ դեմք չէ, ունի փորձ: Երկրորդ՝ նա ընկալելի է այլ քաղաքական ուժերի, հատկապես՝ խորհրդարանում ներկայացված ուժերիհամար: Ու, որ ամենակարևորն է, ըստ Կ. Քոչարյանի՝ նա ընդունելի է Հանրապետական կուսակցության ներսում առկա տարբեր խմբավորումների համար:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը նախատեսված էր, որ պատգամավորները դահլիճում երդվելուց հետո պետք է ստորագրեին նաև դրա տեքստի տակ: ԱԺ միջանցքում տեղադրված էր երդման տեքստը, որի տակ նշված էին պատգամավորների անունները, որպեսզի վերջիններս ստորագրեն իրենց անունների դիմաց: Սակայն այն ստորագրել էին ընդամենը մի քանի պատգամավորներ ՀՀԿ-ից:
Ասուլիսում անդրադառնալով առհասարակ ԱԺ-ում երդում տալու ավանդույթին, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Երդումը ծիսակատարություն է: Ե՞րբ է առաջանում ծեսը. երբ լինում է սովորույթ, որը դառնում է ավանդույթ, հետո ծնվում է ծեսը, բայց մենք առանց ավանդույթի, առանց սովորույթի՝ ծես ենք կիրառում: Երդման մասին որ խոսում ենք, պիտի հասկանանք՝ այդ տեքստով ապրելու սովորույթը մենք ունեցե՞լ ենք: Երբ չունես ավանդույթ ու սովորույթ, ծեսը դառնում է կապիկություն»:
Անի Թորոսյան