Իգնատի Առաքելյանը դեռևս չգտի՝ վերանշանակվելու է, թե ոչ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո նշեց, որ դեռևս չի կարող ասել՝ կլինի՞ կառավարության նոր կազմում, թե՞ ոչ։ «Եթե վերանշանակվեմ, այն ծրագրերը, որոնք ծրագրել ենք, անպայման կիրականացնենք», – ասաց Առաքելյանը:
Անդրադառնալով գյուղտեխնիկայի կայանի ծրագրին՝ ասաց, որ անցկացրել են մրցույթ, կատարել հարցում ու քննարկել տարբեր ծրագրեր՝ ընտրելով լավագույնը: «Նախնական քննարկումը եղել է ավելի խոշորամասշտաբ գյուղտեխնիկայի կայան ստեղծելու ուղղությամբ, որի համար միջոց չգտանք, բայց մենք հույս ունենք, որ մեր ստեղծվող գյուղտեխնիկայի կայանով կլրացնենք այդ դեֆիցիտը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Քանի տարում է նախատեսվում թարմացնել հանրապետության ամբողջ գյուղտեխնիկան՝ Առաքելյանն ասաց. «Սկսենք, հետո կտեսնենք, բայց մենք հույսեր ունենք, որ պահանջարկը մեծ կլինի և գյուղտեխնիկայի կայանի հզորությունները շատ արագ կաճեն»։
Գործադիրը հաստատել է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման նպատակով «Իդաս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված և դրական եզրակացություն ստացած առաջարկը: Արդյունքում կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի միջոցով որակյալ ծառայություններ կմատուցվեն գյուղացիական տնտեսություններին: Այն կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի, ագրարային ոլորտի արդյունավետության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալների աճին: Մեկ այլ որոշմամբ էլ 700 մլն ՀՀ դրամ կհատկացվի գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով: