«Տնային աշխատանքը կատարել ենք». Վարդան Արամյանը՝ Կարեն Կարապետյանին
«Մենք խոսել ենք, և մեր կառավարության ծրագրում նման կետ կար. ՀՀ ողջ տարածքում առկա է մեծ քանակությամբ պարապուրդում գտնվող գույք՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավականին լուրջ ներուժ՝ ավելացված արժեք ստեղծելու համար: Մենք նաև պայմանավորվել էինք հատուկ վերաբերմունք ցույց տալ Սևանա լճի ավազանին և Երևանի կենտրոնին: Կառավարության ծրագրով նախատեսված է ներդնել նոր մեխանիզմներ՝ խթանելու պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծման հետ կապված»,- այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանից հետաքրքրվելով, թե այս կապակցությամբ ինչ է արվել:
Վարդան Արամյանն ասաց, որ տնային աշխատանքը կատարել են. կառավարության ծրագրի հիմքում դրված է հետևյալ սկզբունքը՝ որևէ գործիքակազմով, մասնավորապես՝ հարկման մեխանիզմների միջոցով, խթան ստեղծել, որպեսզի գույքը, որը կարող է պոտենցիալ արժեք ստեղծել մեր տնտեսության մեջ և նպաստել տնտեսական աճին, օգտագործվի իր նպատակին համախատասխան, հակառակ դեպքում այդ գույքը պահելը ծախսատար լինի։
«Պարո՛ն վարչապետ, այդ մոտեցումները գույքահարկի շրջանակներում նայել ենք, կատարել ենք բազմաթիվ վերլուծություններ և հաշվարկներ։ Ամենայն հավանականությամբ՝ մյուս շաբաթ Ձեզ մոտ հանդիպում կխնդրենք, որպեսզի ներկայացնենք մեր բոլոր հաշվարկները»,- ասաց Վարդան Արամյանը՝ ներկայացնելով հիմնական սկզբունքները։