Բաժիններ՝

«Դատապարտյալին իր երկիր արտահանձնելը արժանապատվության հետ կապ չունի». Գևորգ Կոստանյան

Դատապարտյալին հայրենիք արտահանձնելը արժանապատվության խնդիր չէ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի  սպանության գործով դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովին Ռուսաստանին արտահանձնելու որոշմանը:

«Դատապարտյալների փոխանցումն այս կամ այն երկիր կոնվենցիոն դրույթ է եւ կիրառելի է աշխարհի բոլոր երկրներում: Դա դեռեւս 1946 թվականից գործող նորմ է եւ բնորոշ է բոլոր երկրներին, եւ դա չի կարելի վերագրել միայն Հայաստանի նկատմամբ կիրառելիությանը, առավել եւս արժանապատվության տեսանկյունից: Երբ հանցագործություն իրականացրած անձը տեղափոխվում է իր երկիր, դա փոխանցող երկրի արժանապատվության հետ կապ չունի՝  առավել եւս հիմք ընդունելով այն, որ բազմաթիվ հայ դատապարտյալներ այստեղ են տեղափոխվել իրենց պատիժը կրելու:

Դա չի նշանակում, որ երկրի արժանապատվությունն է նսեմացվել, հետեւաբար պետք չէ այդչափ ցավոտ ընդունել այս ամենը, քանի որ խոսքը պարզապես իրավական գործընթացի մասին է»,-նշեց Գեւորգ Կոստանյանը՝ հավելելով, որ Վալերի Պերմյակովը Ռուսաստանում ամբողջապես կրելու է իր պատիժը:

Մայիսի 17-ին ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հասարակական հնչեղությունն ու հանրային հետաքրքրվածությունը, տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:

ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս