«Թե՛Իրանի գործող նախագահի, թե՛ հակառակորդի ընտրվելը առնվազն չեն վատացնի հայ-իրանական հարաբերությունները». Վարդան Ոսկանյան

«Եթե մենք վերցնենք Իրանի նախագահի նախընտրական ներկա փուլը, ապա ակնհայտ է, որ գործ ունենք հիմնականում երկու ճամբարների պայքարի հետ։ Դրանցից մեկը նախևառաջ՝ բարեփոխականներն են, որոնք առաջադրել են  Իրանի գործող նախագահ  Հասան Ռոուհանիի թեկնածությունը, և պահպանողականների ճամբարը, որն առաջադրել է բավականին ուժեղ թեկնածուի՝ Իբրահիմ Ռեիսիին, որը նաև եղել է Իսլամական Հանրապետության որոշ կարևոր պաշտոններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Իրանում մայիսի 19-ին անցկացվող նախագահական ընտրություններ մասին՝ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով՝ սկզբնապես գրանցվել էր 6 թեկնածու, որոնցից մի քանիսն իրենց թեկնածությունները հանեցին։

«Գործող փոխնախագահը հանեց թեկնածությունը՝ հօգուտ Ռոուհանիի, Թեհրանի քաղաքապետը՝ Ղալիբաֆը, հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ պահպանողականների թեկնածուի, իսկ մյուս բարեփոխական թեկնածուն՝ հօգուտ Ռոուհանիի։ Այսինքն՝ մենք փաստացիորեն ունենք գործող նախագահը, Ռեիսիին և մեկ այլ թեկնածու, որին, ըստ էության, տեխնիկական թեկնածու կարող ենք դիտարկել»,- ասաց պարոն Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ այս փուլում բավական բարդ է կանխատեսել ֆավորիտներից մեկի հաղթանակը, որովհետև գրեթե հավասար են սոցհարցումների արդյունքները։ Բայց, ըստ նրա՝ կա մի կարևոր հանգամանք. իրանցի ընտրողը չափազանց անկանխատեսելի է և իր վճիռները հաճախ փոխող։

«Ամեն ինչ վճռվելու է հենց ընտրության օրը, պատկերավոր ասած, նույնիսկ քվեատուփերի կողքին։ Այս իմաստով որևէ ցուցիչ, որով մենք կկարողանանք դատել, թե ով կհաղթի թեկնածուներից, առայժմ չկա, որովհետև մենք ունենք նաև նախորդ ընտրությունների փորձը՝ ըստ հանրային կարծիքների հարցումների՝ գործող նախագահն անցած ընտրություններին ընդամենը 15 տոկոս էր ապահովում, բայց առաջին իսկ փուլով հաղթեց»,- ասաց նա։

Պարոն Ոսկանյանի համոզմամբ՝ կա մի կարևոր հանգամանք ևս՝  քարոզչության տեխնոլոգիական հատվածը։

«Ինչքան էլ տարօրինակ թվա, պահպանողական թեկնածուն կիրառում է ինչ-որ առումով ավելի ազատական տեխնոլոգիաներ և ավելի արդիական է, քան նույնիսկ գործող նախագահը, ինչն առաջին հայացքից միգուցե տարօրինակ է, բայց հասկանալի՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրանցի ընտրողների զգալի մասը կազմված է երիտասարդներից։ Երիտասարդներն են, որ վճռորոշ դերակատարություն են ունենալու այս ընտրություններում»,- ասաց իրանագետը։
Ըստ բանախոսի՝ ամենևին պետք չէ մի կողմ դնել նաև կրոնական գործոնը։ «Իրանում ընտրողը կարող է կայացնել իր որոշումը՝ հետևելով սոցիալական ցանցին և ուրբաթօրյա աղոթքի ժամանակ լսելով այդ վայրի աղոթապետին։ Թե ո՞ր կարծիքն ավելի ազդեցիկ կլինի, ցույց կտա ժամանակը»։

Իրանի նախագահի թեկնածուներին դիտարկելով Հայաստանի շահերի տեսանկյունից՝ Վարդան Ոսկանյանն ասաց. «Ակնհայտ է, որ Իրանի արտաքին քաղաքական ուղեգիծը վճռում է ոչ թե նախագահը, այլ գերագույն հոգևոր առաջնորդը՝ Ալի Խամենեին։ Միայն փոքր ճշգրտումներ կարելի է ակնկալել թե՛ գործող նախագահի ընտրվելու, թե՛  հակառակորդի անցնելու պարագայում, որոնք, ըստ էության, չեն փոխի հայ-իրանական հարաբերությունները, կամ առնվազն չեն վատացնի դրանք, որովհետև թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը գիտակցում են, որ մեր այս երկու պետությունների ինչ-որ առումով նաև դաշինքը, շատ խնդիրներում մենք հանդես ենք գալիս՝ որպես դաշինք, թեև այդ մասին չի բարձրաձայնվում, ձեռնտու է երկու կողմերին էլ և բխում է երկու կողմերի շահերից։

Իրանի միջոցով մենք ապահովում ենք Հայաստանի համար զգալի այլընտրանք թե՛ քաղաքական իմաստով, թե՛ տնտեսական։ Իրանն էլ մեր միջոցով ապահովում է զգալի այլընտրանք՝ կրկին քաղաքական և քարոզչական տեսանկյունից, որովհետև Հայաստանը միակ քրիստոնյա պետությունն է, որը ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ»։

Նա անդրադարձավ նաև Իրանում հայկական համայնքի դիրքորոշման մասին՝ այն բնորոշելով՝ որպես դրական չեզոքություն։

«Համայնքի անդամները, ազգությամբ հայ Իրանի քաղաքացիներն ազատ են իրենց ընտրությունը կատարելիս, և որևէ թեկնածուի օգտին ընտրություն կատարելու հարցում հայ համայնքը՝ որպես ամբողջական կառույց, ո՛չ կողմ, ո՛չ դեմ չի արտահայտվել։ Ակնհայտ է, որ շատերի համակրանքը բարեփոխական թեկնածուի կողմն է, բայց կան անձինք, որոնք պաշտպանում են պահպանողականներին»,- ասաց իրանագետը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս