«Ծաղկաձորում ընդհանրապես դիմելու որևիցե տեղ չկա, եթե որևիցե բան պատահում է». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց մարզերում և Երևանում բնակչության համար դեղերի հասանելիության բարելավման վերաբերյալ:
«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հանրապետության նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է և առաջացնում է խնդիրներ թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների համար: «Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանձնարարում եմ ՀՀ առողջապահության նախարարին, մեկամսյա ժամկետում, առաջին՝ ուսումնասիրել ՀՀ բնակավայրերում 24 ժամ և առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունն ապահովելու հնարավորությունները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ, այդ թվում՝ ըստ բնակավայրերի դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ:
Երկրորդը՝ բանակցել գործող դեղատնային ցանցերի կամ առանձին դեղատների հետ հերթապահ դեղատների առկայությունը ՀՀ բնակավայրերում ապահովելու նպատակով, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ հարցին լուծում տալու նպատակով: Իրականում բոլոր բնակավայրերին է պետք ուշադրություն դարձնել, բայց այդ խնդիրն առաջացել է տուրիստական գոտիներից՝ Ծաղկաձորից: Նույնիսկ Հրազդանում չկա: Ծաղկաձորում ընդհանրապես դիմելու որևիցե տեղ չկա, եթե որևիցե բան պատահում է»,- ասաց Կարեն Կարապետյանը: