Արարատ Զուրաբյանը վայր չի դնի պատգամավորական մանդատը
«Ասում եմ ձեզ՝ ես շարունակում եմ իմ գործունեությունն այստեղ: Եթե հիմա դուք ամեն օր գաք ու էս հարցն ինձ տաք, կարող է հանկարծ ձանձրանամ ու ասեմ՝ մանդատը դնում եմ ու հեռանում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը` մեկնաբանելով մանդատը վայր դնելու հարցը:
Նա հերքեց շրջանառվող լուրերը, թե դաշինքի մանդատների խնդիրն ինչ-որ ուժերի կողմից է ուղղորդվում. «Մեկը որոշեց, թե սա Սերժ Սարգսյանն է ուղղորդում, մյուսը որոշեց, թե հավանաբար Վաշինգտոնում է գծվել այս սցենարը: Ես ասեմ՝ ինչ տեղի ունեցավ: Կան քայլեր, որոնք ծրագրային չեն լինում, անպայման չէ, որ ամեն ինչը գծվի այս դեպքում: Եվ տվյալ պարագայում ես ասացի՝ նման մթնոլորտում ես չեմ պատկերացնում, կթողնեմ ու դուրս կգամ: Ես դրանից հետո էլ եմ դա ասել: Ճիշտն ասած, ի տարբերություն շատ շատերի ես շատ դժվարությամբ եմ համաձայնել այս մանդատը թողնել: Հիմա էլ, այսօր, վաղը, մեկ տարի հետո, չգիտեմ ցանկացած պահի կարող է լինել իրավիճակ, որ վայր դնեմ մանդատս»:
Ա.Զուրաբյանի խոսքով` նախապես Գագիկ Ծառուկյանի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել մանդատից հրաժարվելու կամ չհրաժարվելու վերաբերյալ: Ըստ նրա` քաղաքական պայմանավորվածության շրջանակներում ինքն ընդգրկվել է «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, անձնական նախաձեռնությամբ առաջարկել է առաջադրվել նաև մեծամասնական ընտրակարգով Կենտրոնում, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել զբաղվել քարոզչական աշխատանքով և, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հիասթափվել ու որոշել է, որ չի գնա խորհրդարան, սակայն Ծառուկյանը կողմ է եղել նրա աշխատանքին ԱԺ-ում:
«Ի տարբերություն շատ այլ դեպքերի, նույն Գագիկ Ծառուկյանն է ինձ առաջարկել աշխատել պառլամենտում»,- հայտարարեց Ա.Զուրաբյանը: