Շուրջ երկու հարյուր ավիաընկերությունների արգելել են թռչել Եվրոպա
Եվրահանձնաժողովը հրապարակել է ավիափոխադրողների նոր ցուցակը, որոնց արգելվում է թռչել Եվրոպա: Այս տարի դրանում հայտնվել են աշխարհի 16 երկրների 181 ավիաընկերություններ, ինչի մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում։
Նշվում է, որ նորացված ցուցակից բացառվել են Բենինի եւ Մոզամբիկի բոլոր փոխադրողները: Իսկ ցուցակում տեղ են գտել Աֆղանստանի, Անգոլայի, Կոնգոյի Հանրապետության եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ջիբուտիի,
Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Գաբոնի, Ինդոնեզիայի, Ղրղզստանի, Լիբերիայի, Լիբիայի, Նեպալի, ՍանՏոմե եւ Պրինսիպիի, Սիեռա Լեոնեի եւ Սուդանի գրեթե բոլոր ավիաընկերությունները:
Բացառություն է արվել միայն առանձին ընկերությունների համար, որոնց թույլ են տվել թռիչքներ իրականացնել միայն որոշակի տեսակի օդանավերով: Օրինակ, ԵՄ չվերթները թույլատրել են Air Koryo-ին (ԿԺԴՀ), Iran Airին եւ Afrijetին (Գաբոն): Բացի այդ, թռիչքների արգելքը վերաբերել է Iran Aseman Airlines-ին, Iraqi Airways-ին, MedView Airlines-ին (Նիգերիա) եւ ՈւՌԳԱ (Ուկրաինա) ավիացիոն ընկերությանը, Blue Wing Airlines-ին (Սուրինամ), Mustique Airways-ին (ՍենթՎինսենթ եւ Գրենադիններ) եւ Air Zimbabwe-ին։