«Փորձ է արվում արդյունավետ կերպով մեզ չեզոքացնել». Արտակ Զեյնալյան

Այսօր ԱԺ 6-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո դահլիճ մտան «Ելք» դաշինքի պատգամավորները: Ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, որ վարում է նիստը, հնչեցրեց բոլոր պատգամավորների անունները և գործընկերները ծափերով ողջունեցին միմյանց:

Նա հայտարարեց, որ Հաշվիչ հանձնաժողովում առաջարկվել է 5 տեղ հատկացնել ՀՀԿ-ին, 2 տեղ Ծառուկյան դաշինքին և 1-ական տեղ` «Ելք» դաշինքին և ՀՅԴ-ին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք համաձայն չեն և առաջարկեց հանձնաժողովում տեղերը համամասնորեն բաժանել:

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի խոսքով` նախ պետք է քվեարկել առաջին առաջարկությունն, ապա երկրորդը:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց են ունեցել և նա համաձայնել է, որ տեղերը համամասնորեն բաժանվեն:

Կարդացեք նաև

Սակայն Ն.Փաշինյանն առարկեց, որ նման համաձայնություն է եղել:

«Փորձ է արվում արդյունավետ կերպով մեզ չեզոքացնել»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը` հավելելով, որ ԱԺ մեծամասնությունը կարող է քվեարկությամբ հաստատել ինչ ուզում է, բայց գուցե իրենք ճիշտ են և քվեարկեն արդարության օգտին:

Ի վերջո, քվեարկությամբ հաստատվեց հաշվիչ հանձնաժողովի վերաբրյալ ՀՀԿ-ի առաջարկը:

ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արա Բաբլոյանի թեկնածությունը: Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց գործընկերոջը:

Ելք դաշինքն իր հերթին Աժ նախագահի պաշտոնում առաջադրեց Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, որին գովեստի խոսքերով ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:

«Անելու եմ հնարավորը, որ իշխանություն ընդդիմություն կապն ավելի ամրապնդվի»,- իր ելույթում խոստացավ Ա.Բաբլոյանը` խոսելով ԱԺ աշխատանքային ուղղությունների մասին:

Տեսանյութեր

Լրահոս