Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում
ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հասարակական հնչեղությունն ու հանրային հետաքրքրվածությունը, տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:
ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Հայտնի է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացվել է դատավճիռ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վ.Պերմյակովի նկատմամբ, որը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության ներպետական օրենսդրությամբ՝ զենքով ռուսական ռազմաբազայի տեղակայման տարածքից դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու համար Վ.Պերմյակովը 12.08.2015թ. Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող ռուսաստանյան կայազորային դատարանի կողմից դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Այս առումով պետք է նշել, որ «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված իրավասության և իրավական փոխօգնության հարցերով» 29.08.1997թ. համաձայնագրով հստակ սահմանված է զինծառայողի կողմից հանցագործություն կատարելու դեպքում պատասխանատվության ենթարկող պետությունը և քրեական հետապնդման կարգը:
Այդ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների դեպքում նրանց նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը և գործում են ՀՀ իրավասու մարմինները, իսկ նույն համաձայնագրի 5րդ հոդվածով էլ սահմանվում է, որ ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց կողմից կատարված զինվորական հանցագործությունների գործերով կիրառվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները:
Այսպիսով, առկա էր իրավասությունների երկակիություն, որով և պայմանավորված էին տվյալ անձի կալանքի և պատիժը կրելու ապահովման առանձնահատկությունները:
Հաշվի առնելով առկա իրողությունները և նպատակ հետապնդելով ապահովել ՀՀ դատարանի կայացրած դատավճռի կատարումը՝ ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև կայացել են քննարկումներ՝ «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայի շրջանակներում խնդիրը լուծելու համար:
Վ. Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու նպատակով նշված պայմանագրի շրջանակներում նախատեսված հետագա իրավական գործընթացների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրությանը կտեղեկացնի հավելյալ: