Սովորական սադրա՞նք, թե՞ պատերազմի նախապատրաստություն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ը զրուցել է Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։
– Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ ռազմական ի՞նչ խնդիրներ է փորձել լուծել ադրբեջանական կողմը՝ հարվածելով ՀՕՊ միջոցին:
– Ես, իհարկե, չեմ կարող պատասխանել Ադրբեջանի հրամանատարության փոխարեն, թե ինչ առաջադրանքներ են իրենց առջև դրված կամ ինչ խնդիրներ են նրանք ուզում լուծել, բայց ընդհանրապես, ըստ գաղափարի՝ ՀՕՊ-ը ճնշելն, անշուշտ, նախապատրաստություն է ավիացիոն հարվածի համար։ Ըստ էության, սա հարձակման նախապատրաստվելու ծայրահեղ քայլ է, առավել ևս, երբ Ղարաբաղը չունի իր սեփական ռազմաօդային ուժերը։ Սա հեշտացնում է Ադրբեջանի գործերը։ Այսինքն՝ հարկավոր է ոչնչացնել ՀՕՊ-ը, և այդ ժամանակ նրանց օդուժը կարող է ազատ գործել՝ ազատելով ցամաքային ուժերի գործողությունները։
– Իսկ ինչո՞ւ են ՀՕՊ միջոցները տեղակայվել առաջնագծում’ օդուժի հարվածը կանխելու նպատակո՞վ:
– Կրկին պիտի նշեմ, որ Ղարաբաղի հրամանատարության փոխարեն ես չեմ կարող պատասխանել: Իմ կարծիքով’ զենիթահրթիռային համալիրներն անմիջապես ճակատային գծում տեղակայելը ճիշտ չէ, որովհետև զենիթահրթիռային համալիրները շատ խոցելի են հենց այդպիսի հարվածների համար:
– Այս միջադեպից հետո որքանո՞վ է մեծացել հակամարտության նոր սրացումների հավանականությունը:
– Ես բազմիցս ասել, գրել եմ և հերթական անգամ կկրկնեմ, որ մի օր անպայման տեղի կունենա ևս մի պատերազմ Ղարաբաղի համար, բայց դա կարող է լինել հինգ տարի անց և կարող է լինել երկու օրից:
– Իսկ ինչի՞ց է դա կախված’ քաղաքակա՞ն, թե՞ այլ գործոններից:
– Դա կախված է հսկայական թվով գործոններից, և հենց այդ պատճառով ես պատրաստ չեմ կանխատեսումներ անել, թե երբ տեղի կունենա պատերազմը:
– Հրադադարի վերջին խախտումները կբարձրացնե՞ն լարվածության աստիճանը շփման գծում:
– Դա կախված է նրանից, ինչ արդեն ասացի’ սա մեկանգամյա գործողությո՞ւն է, թե՞ պատերազմի նախապատրաստություն: Հնարավոր չէ որևէ բան հստակ ասել: Դա ցույց կտա մոտ ապագան»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։