
«Աննախադեպ աճել է Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը»

Այս տարվա առաջին երեք ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 18.2 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքով` հիմնական աճը նկատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից, ՌԴ-ից, Չինաստանից և Ֆրանսիայից:
«Աննախադեպ աճել է մարտին Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը: Միայն մարտին աճը կազմել է 21 տոկոս: Նպատակ կա Մեղրու սահմանային կետում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն ստեղծել: Այն շատ կարևոր է, քանի որ իրանցի զբոսաշրջիկները մեր «ամենատուժած» զբոսաշրջիկներն են: Սահմանն անցնելուց առաջ և հետո նրանք ունենում են տրանսպորտային ծառայությունների հետ կապված խնդիրներ»,- ասաց Զեյթունցյանը` հավելելով, որ տեղեկատվական կենտրոնը կօգնի նրանց ճշգրիտ օգտվել տրանսպորտային ծառայություններից: