Հայտնի է Ֆրանսիայի նոր վարչապետի անունը
Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել հանրապետության հյուսիս-արեւմուտքի Հավր քաղաքի քաղաքագլուխ աջ կենտրոնամետ Էդուար Ֆիլիպը: Այս որոշումը մայիսի 15-ին ընդունել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, ինչի մասին հայտնել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերը:
«Հանրապետության նախագահը նոր վարչապետ նշանակեց Էդուար Ֆիլիպին եւ նրան հանձնարարեց կազմել կառավարություն»,-նշել է Կոլերը: Կառավարության նախկին ղեկավար Բեռնար Կազնյովը իր լիազորությունները վայր է դրել անցած շաբաթ՝ կապված Ֆրանսուա Օլանդի նախագահական ժամկետի ավարտվելու հետ: Առաջիկա ժամերին նախկին վարչապետը գործերը կհանձնի նոր վարչապետին:
Երկու օրվա ընթացքում Ֆիլիպը պետք է կազմի կառավարություն եւ նախարարների ցուցակը ներկայացնի Մակրոնին: Ինչպես սպասվում է, նոր կաբինետի կազմում կընգրկվեն 15-ից ոչ ավելի նախարարներ: Արդեն մայիսի 17-ին Ելիսեյան պալատում կկայանա Նախարարների խորհրդի առաջին նիստը՝ նոր կազմով՝ հանրապետության նոր նախագահի ղեկավարությամբ, որը պաշտոնն ստանձնել է մայիսի 14-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: