Հելսինկյան ասոցիացիայի հայտարարությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասին
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունները, մասնավորապես ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ընտրական տեղամասերում և ՀՀԿ-ի շտաբներում կիրառված բռնությունները:
Անընդունելի ենք համարում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի կանխակալ հայտարարությունը, որով Զարուհի Փոստանջյանի նկատմամբ կիրառված բռնությունը որակվել է որպես իրավաչափ գործողություն: Անկախ հետագա քննության արդյունքներից՝ տեղի ունեցածին շատ կարճ ժամանակ անց նման գնահատական տալը քննության վրա ճնշում գործադրելու և ուղղորդելու բացահայտ միտում ունի, ինչն արդեն իսկ հիմնավոր կասկած է հարուցում քննության հետագա օբյեկտիվ լինելու վերաբերյալ:
Պահանջում ենք՝
- Պատշաճ, բոլոր իրավական ընթացակարգերի պահպանմամբ իրականացնել քննություն՝ անձեռնմխելիությամբ օժտված անձի, ԶԼՄ ներկայացուցիչների, այլ անձանց նկատմամբ կիրառված բռնությունների մեղավորներին բացահայտել և ենթարկել քրեական պատասխանատվության:
- Հաշվի առնելով այն բազմաթիվ փաստերը, որ նմանատիպ բռնությունները կրում են շարունակական և պարբերական բնույթ՝ պահանջում ենք առարկայական քայլեր ձեռնարկել՝ հետագայում նմանատիպ երևույթները բացառելու համար: