Բաժիններ՝

Թուրքիան կրկին արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք

Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորների հետ:

Այս մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը: Գերմանիայի արտգործնախարարությունը հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխին հայտնել է, որ թուրքական կառավարությունն իրենց մայիսի 10­-ին հաղորդել է գերմանացի զինվորների հետ տեսակցելու համար ներկայացված պահանջի մերժումը: Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ իրենց ապաստան
տրամադրելու դիմումները:

Նա տեսակետ է հայտնել, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին ետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Այցելությունը պետք է իրականացվեր մայիսի 16-­ին: Հելմիխը և հանձնաժողովի մյուս անդամները պետք է տեղեկություններ ստանային «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի և գերմանացի զինվորների աշխատանքային պայմանների վերաբերյալ:

Գերմանական լրատվական գործակալությունը որպես թուրք­գերմանական հարաբերությունների լարման պատճառ նշում է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեից առաջ Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների հանդիպումների չեղարկումը, Էրդողանի կողմից Գերմանիային ուղղված մեղադրանքները, գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի կալանավորումը: Գործակալությունը
հիշեցնում է, որ 2016 թվականին ևս Թուրքիան երկար ժամանակ արգելում էր գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա. այդ ժամանակ պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս