«Զիբիլիքսի» կապակցությամբ «Ելքը» կդիմի ՀՀ գլխավոր դատախազին. «Շատ սուր խոսակցություն է լինելու»
Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ձեռք բերված բոլոր փաստերի՝ «Զիբիլիքսի» կապակցությամբ՝ «Ելք» դաշինքը հաղորդում է ներկայացրել և դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ելքի» քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հարցին, թե ՀՀԿ-ականներն ասում են, որ այդ ամենն իրենց հետ կապ չունի, իրենց չի վերաբերում, ինչպե՞ս են ապացուցելու, որ այդ թղթերը ՀՀԿ-ին են պատկանել, և ի՞նչ երաշխիք, որ Դատախազությունը քայլեր կձեռնարկի, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ նախ՝ Ոստիկանության 27-02-02 հեռախոսահամարից ուղարկված ֆաքս է, գնալու են և հանեն դա, իմանան, թե ուր է ուղարկվել այդ ֆաքսը, երկրորդը՝ կան մարդկանց անուն-ազգանուններ, պարզելու են՝ ՀՀԿ-ի և դրա բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ։
«Ինչ վերաբերում է երաշխիքին, մենք Ազգային ժողովում ունենք խմբակցություն, մենք խմբակցություն ունենք Երևանի ավագանիում, և որևէ մեկը չի կարող մտածել, թե այս պատմությունը մենք թողնելու ենք՝ հենց էնպես անցնի։ Չի անցնի։ Կառավարության ցանկացած ներկայացուցիչ, որ գալիս է Ազգային ժողով, պետք է պատրաստ լինի, այս հարցերի շուրջ շատ սուր խոսակցություն է լինելու»,- ասաց Ն.Փաշինյանը։
Անդրադառնալով 15 հազար դրամների նախագծին՝ նա նշեց, որ ցանկացած խոստում իրականացվում է հաղթանակի դեպքում։ Ամեն դեպքում, ըստ նրա, ընտրակաշառքի դեմ պայքարում կանգ չեն առնելու և նորանոր մեխանիզմներ են մշակելու։ Ն.Փաշինյանը նկատեց, որ իրենց օգտին քվեարկել են անգամ կարմիր գույնի գրիչներով, այսինքն՝ եղել են ՀՀԿ-ից կաշառք վերցրածներ, որ ընտրել են «Ելքին»։
Ն.Փաշինյանը նշեց, որ ետընտրական ցույցերի ու երթերի կարիք չի տեսնում. «Մենք փուստ կրակոցի կարիք չունենք։ Այն քաղաքական ուժը, որ կարող է հետընտրական պայքարով իշխանափոխություն անել, կարող է դա անել նաև ընտրությունների միջոցով»։
Մանրամասները՝ տեսանյութում