«Ընդդիմությունն ահռելի աշխատանք կատարեց». Ռուբեն Մեհրաբյան
Երևանի ավագանու ընտրություններն արդեն անցյալում են: Ընտրությունների արդյունքների և ընտրություններից հետո հնարավոր զարգացումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանն այս ընտրական ցիկլից ուժեղացած դուրս չի գալիս, ինչպես նաև՝ նա չկարողացավ ավելացնել իր հնարավորությունները՝ հաղթահարելու այն մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի առաջ:
«Երեկվա ընտրություններով հիմնականում, բայց ոչ ամբողջությամբ ավարտվեց հերթական ընտրական ֆիգուրը Հայաստանում: Ոչ ամբողջությամբ, որովհետև քաղաքական գործընթացը, որպես այդպիսին, շարունակվելու է մինչև մյուս տարի ապրիլ, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, դրանից հետո նոր կհամարենք, որ այս ամբողջ ընտրական ցիկլն ավարտված է»:
Խոսելով ընտրությունների կազմակերպվածությունից՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց.
«Պետք է ասել, որ երեկվա ընտրությունները շատ լավ էին կազմակերպված իշխանության կողմից, բայց, այնուամենայնիվ, սովորական հետխորհրդային, եվրասիական, ռուսաստանանման ընտրություններ էին, որոնք բացարձակապես կապ չունեին իրական հանրային շահի հետ: Հանրությանը սա ոչինչ չտվեց: 40%-ից քիչ ավելի մասնակցությունը ցույց է տալիս, որ հիմնականում երևանցին մնաց տանը»:
Իսկ թե ո՞րն է պատճառը, որ բնակչության 60%-ն ակտիվություն չի ցուցաբերել այս ընտրություններում, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց.
«Ցածր վստահությունն է ընտրողների, ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Նրանք ընտրությունները չեն համարում այնպիսի կարևորության միջոցառում, որը կստիպի նրանց այդ օրը տանից դուրս գալ և արժանացնել ներկայության: Սա գալիս է մեր երկրում ինստիտուտի այս հետևողական վարկաբեկման գործըթացից, գալիս է բազմաթիվ քաղաքական ուժերի կողմից կրկեսի վերածելու պրակտիկայից, որը տարիներ է տևել, մարդկանց հիմնական մասը բանական մարդիկ են, բազմաթիվ պատճառներով նրանք ուղակի ուզում են հեռու մնալ այդ ամեն ինչից»:
Անդրադառնալով այս ընտրություններում ընդդիմության դերին՝ բանախոսը նշեց.
«Ընդդիմությունը, ի պատիվ իրեն, կատարեց ահռելի աշխատանք: Այն մոբիլիզացրեց բավականին լայն շրջանակի: Նրանք նոր-նոր ոտքի են կանգնում, ու կարող են նաև թույլ տալ սայթաքումներ: Բայց նրանց հաջողվեց բավականին մեծ շրջանակի մոտիվացնել և կազմակերպել նրանց համատեղ աշխատանքը: Բայց նրանց մոտ չստացվեց ապահովել ցանկացած փոփոխության համար անհրաժեշտ հասարակական ֆոնը»:
Ինչ վերաբերում է ընտրություններում քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանին՝ ապա Ռուբեն Մեհրաբյանն ասաց.
«ՀՀԿ-ն այս ընտրություններում առավելագույնս մոբիլիզացրեց իր ունեցած ռեսուրսը և դա արեց չափազանց կազմակերպված ձևով: Նա օգտագործեց իր և՛ բակային ռեսուրսը, և՛ ադմինիստրատիվ ռեսուրսը, բացի դրանից՝ ոստիկանությունը ևս անտարբեր չէր ՀՀԿ-ի արած-չարածի նկատմամբ: Տարոն Մարգարյանին չի սպասվում անհոգ հաջորդ հնգամյակ, որովհետև այն կազմը, որ ընդդիմության կողմից մտնում է ավագանի, պետք է հուշի, որ նրա մոտ առաջվա պես չի ստացվելու: Փողոցը տարին հինգ անգամ ասֆալտապատել չի ստացվի, այն այսբերգները ձմեռային ամիսներին չի լինելու, շատ ծանր են նստելու նրա վրա: Բացի դա՝ ցանկացած ավելորդ ծախս, որ թույլ կտա քաղաքապետարանը Երևանի բյուջեից, դառնալու է հանրության ուշադրության առարկա»:
Նա նաև հավելեց, որ ընտրություններից հետո Հայաստանում սպասվում է բավականին դինամիկ ժամանակաշրջան. «Մենք ստիպված կունենանք քիչ այլ որակի քաղաքային տնտեսության կառավարում: Ընտրություններից հետո մեզ սպասվում է բավականին դինամիկ ժամանակաշրջան: Մեզ անհրաժեշտ են մեծ փոփոխություններ, այսօր Հանրապետական կուսակցությունն է ստանձնել այդ պարտականությունը, և ամբողջ իրավիճակի համար պատասխանատուն նա է»:
Անի Թորոսյան