«Ընտրակաշառքների նկատմամբ հանրային հանդուրժողականության մթնոլորտը հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է». «Ելք»

Մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառք է բաժանվել, որի մասին «Ելք» դաշինքն ունի անառարկելի ապացույցներ։ Այս մասին ասվում է դաշինքի հետընտրական հայտարարության մեջ, որն այսօր ասուլիսում հրապարակեց դաշինքի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Ըստ «Ելքի» հայտարարության՝ ՀՀ իրավապահ մարմինները ցուցաբերել են հանցավոր անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը՝ ընդհուպ խոչընդոտելով դրանց բացահայտմանը․ ««Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել և հրապարակել անառարկելի ապացույցներ, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում Ոստիկանության քաղաքական չեզոքության մասին ՀՀ օրենսդրության պահանջների հետ»:

Դաշինքը դատապարտում է Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հետ տեղի ունեցածը. «Ընտրակաշառքների բաժանման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ, և այդ երևույթի նկատմամբ ձևավորվել է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է»:

«Ելքն» արձանագրում է, որ ՀՀ-ում՝ 3-րդ, Երևանում և Վանաձորում՝ 2-րդ քաղաքական ուժն է, մայրաքաղաքում ունի համակիրների ամուր և կայուն հենարան, Երևանի ավագանիում «Ելք» խմբակցությունը հանդես է գալու իր օգտին քվեարկած ավելի քան 70 հազար երևանցու անունից։ Դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում ՀՀ քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը:

Կարդացեք նաև

Է.Մարուքյանը նշեց, որ հնարավոր է՝ 3-5 ընտրատեղամսերում վերջնահաշվարկի դիմում ներկայացնեն, սակայն դա ընտրությունների արդյունքների վրա չի ազդի։

Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա իրենց համար սկզբունքային է, և տեր են կանգնելու իրենց ընտրողների ամեն մի ձայնին։

Փաշինյանը նաև նշեց, որ ինքը գնում է Ազգային ժողով, ավագանի գնացողներից ինքնաբացարկի դիմումների մասին տեղեկություն չկա։ Թե ովքե՞ր են ղեկավարելու «Ելքի» խորհրդարանական և ավագանու խմբակցությունները, դեռևս չեն քննարկել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս