Բաժիններ՝

Գուտերիշը հորդորել է բոլոր հակամարտությունների կողմերին՝ հրաժարվել պատերազմը շահելու պատրանքներից

Բոլոր հակամարտությունների կողմերը պետք է հրաժարվեն իրենց պատրանքներից եւ գիտակցեն, որ ներկայում անկարելի է շահել պատերազմը, կան միայն պարտվողներ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Որպեսզի կողմերը հաշտություն կնքեն, նրանք պետք է գիտակցեն, որ իրենցից ոչ մեկը չի հաղթելու: Երբեմն մարդիկ այն պատրանքն են ունենում, որ իրենք դեռեւս կարող են շահել պատերազմը, բայց այժմ պատերազմները կարող են միայն պարտություն բերել»-­ասել է Գուտերիշը:

Նա հավելել է, թե պատմությունը վկայում է, որ անցյալի պատերազմներում միշտ եղել են հաղթողներ ու պարտվողներ, բայց «այժմ պատերազմներում կան միայն պարտվողներ, ոչ ոք չի հաղթում: Նայեք Սիրիային, նայեք Իրաքին, Աֆղանստանին ու Սոմալիին, Կոնգոյին, ո՞վ է այնտեղ հաղթում: Ոչ ոք: Տուժում են բոլորը»:

Նա ընդգծել է, որ աշխարհն ապրում է այն ժամանակաշրջանում, երբ ահաբեկչությունն իրական սպառնալիք է դարձել բոլորի համար, «ոչ ոք պաշտպանված չէ գլոբալ ահաբեկչությունից»: Դրա դեմ հաջողությամբ պայքարելու համար պետք է միավորվեն բոլորը, նույնիսկ այն կողմերը, որոնց միջեւ հակասություններ կան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս