WannaCry վիրուսը կարող է վարակել մեկ միլիոնից ավելի համակարգիչներ. Financial Times
Կիբեռանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 միլիոն
համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի հանդեպ, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբեռգրոհ է իրականացվել:
Այդ մասին գրել է Financial Times հրատարակությունը: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը, կիբեռգրոհների շարքը կարող է վերսկսվել մայիսի 15-ի առավոտյան:
Նրա տվյալներով՝ վիրուսի տարածումն արդեն 200 հազար օգտատերերի է վնասել աշխարհի 150 երկրներում: Avast հակավիրուս մշակողները հայտնել են WanaCrypt0r 2.0 վիրուսի օգտագործմամբ 57 հազար հաքերական գրոհների մասին: Ընկերության
տվյալներով՝ առաջին հերթին վիրուսը տարածվում է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Թայվանում: Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ցանցահեններն օգտագործել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության վերափոխված վնասաբեր ծրագիրը:
Գլոբալ կիբեռգրոհի հետեւում կանգնած չարագործները, գրոհ, որն սկսվել է մայիսի 12-ին եւ համակարգիչներ ախտահարել ամբողջ աշխարհում, քրիփթոարժույթով ավելի քան 42 հազար դոլար են ստացել վիրուսով վարակված համակարգիչների օգտատերերից: Սակայն, ինչպես նշում է բրիտանական The Times թերթը, շորթիչները մինչ այժմ միջոցները չեն հանել այն հաշիվներից, որտեղ զոհերն ուղարկել են փրկագինը:
Հավանաբար, նրանք երկյուղում են այն բանից, որ դրանք վերահսկվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: