Բաժիններ՝

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը 6 տարեկան է

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նշում է իր գործունեության 6-ամյակը:

2011 թվականին հիմնադրված կենտրոնն անմիջապես միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին՝ նպատակ ունենալով աջակցել տեղական ՏՏ համայնքին՝ զարգանալ, ընդլայնվել և դառնալ ավելի մրցունակ:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ) տնօրեն Արտաշես Վարդանյանը նշում է, որ գործունեության 6 տարիների ընթացքում կենտրոնն ունեցել է մի շարք ձեռքբերումներ:

«Ձեռքբերումներ, չեմ անվանում դրանք հաջողություններ, քանի որ հաջողությունները չունեն սահման, և մենք ինովացիոն կենտրոնում կարծում ենք, որ անընդհատ պետք է ձգտել փոփոխությունների և նոր արդյունքների»:

Որպես առաջնային ձեռքբերում՝ Արտաշես Վարդանյանը նշում է նա, որ 6 տարիների ընթացքում ինովացիոն կենտրոնն ունեցել է 6000 ուսանող, որոնց մեծ մասն այժմ աշխատում է Տեղեկատվական տեխնոլոգիաների  (ՏՏ)  ոլորտի ընկերություններում:

ՄԻԿ Հայաստանը պետական և հանրային ոլորտների համագործակցության արդյունք է, այն ստեղծվել է Մայքրոսոֆթ կորպորացիայի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համատեղ ջանքերով։

«Կենտրոնն ուսանողներին, ձեռնարկություններին և ստարտափներին տրամադրում է համաշխարհային մակարդակի ռեսուրսներ և աջակցություն ծրագրավորման  ոլորտում հմտությունների, ստեղծարար մտածելակերպի զարգացման, ինչպես նաև տեղական և միջազգային շուկայում պահանջարկ ունեցող պրոդուկտի/ծառայության մշակման ուղղությամբ»,- նշում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում:

Կենտրոնն առաջարկում է առաջատար տեխնոլոգիաների վերաբերյալ բարձրորակ վերապատրաստման դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին՝ բարելավել ծրագրավորման իրենց գիտելիքները, ձեռք բերել գործնական փորձառնություն և գտնել բարձր վարձատրությամբ աշխատանք։ Հաշվի առնելով ՏՏ ոլորտի արագ զարգացումները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկը` կենտրոնը մշտապես թարմացնում է վերապատրաստման դասընթացների և վարպետաց դասերի ցանկը։

ՄԻԿ Հայաստանը խրախուսում է նոր ՏՏ պրոդուկտների ստեղծումը՝ աջակցելով ձեռներեցներին, ստարտափներին, ՏՏ մասնագետներին և ուսանողներին։ Կենտրոնը տրամադրում է մենթորներ, տեխնոլոգիական և բիզնես խորհրդատվություն, ֆինանսական և իրավական աջակցություն։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը պրակտիկայի ծրագրեր է կազմակերպում  Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունների հետ։ Մասնակցելով ինտենսիվ դասընթացներին՝ ուսանողները հնարավորություն են ունենում ոչ միայն ձեռք բերել հիմնարար գիտելիքներ ծրագրավորման ոլորտում, այլ նաև աշխատել գործատուների առաջարկած պրակտիկ նախագծերի վրա և ձեռք բերել թիմում և համապատասխան միջավայրում աշխատելու փորձ։

«Կորպորատիվ հաճախորդների համար մենք առաջարկում ենք ընկերության պահանջներին համապատասխան ծրագիր։

Մեր գործընկերներն են PicsArt, Sourcio, Monitis, Volo, Praemium, Betconstruct և այլ ընկերություններ։ Միասին մենք կարողանում ենք ապահովել ուսանողների մոտ 90% արդյունք»,- նշում են ՄԻԿ-ում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս