«Հիմք ենք դրել ծրագրերի, որոնց արդյունքները երևանցիները կզգան առաջիկա 5 տարիներին». Տարոն Մարգարյանը եզրափակեց քարոզարշավը

Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի վերջին օրը Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզչական թիմը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ:

Երևանի քաղաքապետը նշեց, որ արդեն շուրջ երեք շաբաթ իր թիմը երևանցիներին ներկայացնում է մայրաքաղաքում վերջին 4 տարիների ընթացքում կատարված աշխատանքները, հաշվետվություն են ներկայացնում քաղաքային իշխանության կատարած աշխատանքների վերաբերյալ:

«Մենք ներկայացնում ենք նաև Երևանի առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր համաքաղաքացիներին անցած երեք շաբաթների ընթացքում ջերմ ընդունելության համար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև նրա համար, որ մեր համաքաղաքացիներն ապացուցեցին, որ գործող ու աշխատող թիմի կողքին են, այն թիմի կողքին են, ովքեր ունեն արած աշխատանք, ունեն հստակ ծրագիր, որը հավակնոտ է»,­- ընդգծեց Մարգարյանը:

Նա հավելեց, որ անցած 4 տարիների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում ներկա պահին համեմատության մեջ ունենք ավելի լավ Երևան, սակայն դա չի նշանակում, որ Երևանում խնդիրներ այլևս չկան: «Դեռ բազում խնդիրներ մնացել են: Իմ թիմակիցները և ես այս օրերի ընթացքում ներկայացրել ենք մեր նախընտրական ծրագիրը և հստակ գիտենք մեր անելիքները: Ես վստահ կարող եմ ասել, որ մեր բնակիչների վստահությամբ մենք կարող ենք միասին մեր մեծ տունը կառուցել: Մենք միասին պետք է կառուցենք մեր մեծ տունը, քանի որ սա համայն հայության մայրաքաղաքն է: Մենք տեսնում ենք, որ առաջիկա 5 տարիներին մենք բազմաթիվ խնդիրներ ի զորու կլինենք լուծել: Այս տարիների ընթացքում մենք մեր ձեռքերը ծալած չենք նստել և հիմք ենք դրել շատ ծրագրերի, որոնց արդյունքները մեր քաղաքացիները կզգան առաջիկա 5 տարիների ընթացքում»,-­ ասաց Մարգարյանը:

Երևանի քաղաքապետը վստահ է` առաջիկա 5 տարիների ճանապարհը անցնելու է մայրաքաղաքի բնակիչների հետ միասին, քանի որ անցած 4 տարիների ճանապարհն էլ միասին են անցել: «Անելիքներ շատ կան, մեր երևանցիների հետ միասին մենք անցնելու ենք այդ ճանապարհը: Մենք մեր բնակիչների հետ միայն ընտրությունից ընտրություն չենք հանդիպում, ընտրությունից ընտրություն չենք խոսում խնդիրների մասին, մենք չենք խուսափում խնդիրների մասին բարձրաձայնելուց, չենք խուսափում թերությունների մասին խոսելուց: Ես չեմ ցանկանում, որ մեր ընդդիմադիրները միայն ընտրություններից ընտրություն խոսեն և սիրեն Երևանը: Մենք եկել ենք խնդրելու երևանցիների քվեն, որպեսզի շարունակենք մեր ծառայությունը հանուն մեր քաղաքի ապագայի: Համոզված եղեք, որ մեր պրոֆեսիոնալ և աշխատասեր թիմն ամեն ինչ անելու է մեր մեծ տունը կառուցելու համար: Ես համոզված եմ, որ երևանցին առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է այն թիմին, որը գործ է արել, որը շատ լավ գիտի իր անելիքը, որը պարբերաբար հանդիպումներ է ունեցել երևանցիների հետ և լսել նրանց խնդիրները: Երևանցիները իրենց ձայնը տալու են այն թիմին, որը իրենցից մեկն է: Մենք ձեզանից մեկն ենք, և ես համոզված եմ, որ մենք միասին ենք կառուցելու մեր տունը»,-­ եզրափակեց Տարոն Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս