Տարոն Մարգարյանը բացառում է, որ իրենց շտաբներում ընտրակաշառք է բաժանվում

Այսօր Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանն ասաց, որ հաշվետու են քաղաքացիներին իրենց կատարած 4 տարվա աշխատանքի համար, ապա ներկայացրեց հանուն Երևանի զարգացման իրենց 5 տարվա ծրագիրը։

«Մեր քաղաքացիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր աշխատող թիմի կողքին են, և այն թիմի կողքին են, որ ունի հստակ արած աշխատանք, հավակնոտ ծրագիր, այլ ոչ թե խոստումներով է հանդես գալիս։ Երևանում դեռ բազում խնդիրներ մնացել են, և մենք հստակ գիտենք մեր անելիքների մասին։ Մեր բնակիչների վստահությամբ և փոխադարձ հավատով կարող ենք միասին մեր մեծ տունը կառուցել։ Տասնյակ տարիների կուտակված խնդիրներն այս 4 տարվա ընթացքում չէինք կարող լուծել, և 5 տարվա ծրագրում մենք տեսնում ենք, որ բազում խնդիրներ կկարողանանք լուծել»,- ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով՝ իրենք միայն ընտրությունից ընտրություն չեն հանդիպում Երևանի բնակիչների հետ. «Մենք չենք խուսափում բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կան քաղաքում։ Եվ չեմ ուզենա՝ մեր ընդդիմադիրներն ընտրությունից ընտրություն խոսեն և սիրեն Երևան քաղաքը։ Երևան քաղաքը մենք բոլորս ենք սիրում, բոլորս ենք եկել ծառայելու մեր բնակիչների համար։ Համոզված եմ, որ երևանցին իր քվեն տալու է այն թիմին, որն անցել է ճանապարհ, որը երբևէ չի խուսափել իր բնակիչների հետ շփումից։ Մենք ձեզանից մեկն ենք»։

Այնուհետև լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին՝ նա ասաց, որ իրենց կենտրոնական շտաբն այդ հարցի շուրջ հայտարարություն տարածել է։ Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի հանձնաժողովի քննությանը, նա ասաց, որ դա նրանց լիազորությունն է, իրենք հայտարարությամբ հանդես կգան. «Մեր լիազոր ներկայացուցիչն այնտեղ կլինի, իսկ ինչ վերաբերում է նման հայտարարություններին, ապա մեր կենտրոնական շտաբն արդեն հայտարարությամբ հանդես է եկել։ Իսկ Ոստիկանության հետ կապված խնդիրը մենք դատապարտում ենք. ես դատապարտում եմ, երբ խոչընդոտում են քարոզչությունը»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում են «Ելքի» կողմից հայտնաբերված ցուցակներին, նա ասաց, որ իրենց հայտարարության մեջ ամեն ինչ կա. «Մնացածն իրավապահների գործն է, թող քննեն, եթե դրանց հետո հարցեր առաջանան, ես կպատասխանեմ»։

Մարգարյանին մոտեցած Կենտրոնի բնակիչներից մեկն ասաց, որ իրենց բակը ոչ բարեկարգվել է, ոչ խաղահրապարակ կա, ինչին ի պատասխան՝ Մարգարյանն ասաց, որ Մալիբուի այգին ամբողջությամբ վերակառուցվում է, և մինչև տարեվերջ այն կհանձնեն շահագործման։ Քաղաքացին պնդեց, որ 3 տարի է՝ խոսք են տալիս, բայց այդպես էլ չի կառուցվում։ «Կլինի»,- պատասխանեց Մարգարյանը։

Ապա լրագրողների հետ զրույցում բացառեց, որ իրենց շտաբներում ընտրակաշառք է բաժանվում։ Ապա նորից կոչ արեց լրագրողներին՝ ծանոթանալ իրենց կենտրոնական շտաբի հայտարարությանը, ու հեռացավ տարածքից՝ կոչ անելով լրագրողներին չհետաքրքրվել իր և իր մրցակիցների հարաբերություններով. «Իմ և իմ մրցակիցների հարաբերությունների մասին, խնդրում եմ, այդքան շատ մի հետաքրքրվեք»։

 

Տեսանյութեր

Լրահոս