
Թուրքական դատարանը «National Geographic»-ի լրագրողին երկրից արտաքսելու որոշում է կայացրել

Մայիսի 8-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում բերման է ենթարկվել «National Geographic»-ի ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեպարդիոնը: Ըստ թուրքական «Mynet» լրատվական կայքի` Դեպարդիոնը ֆոտոռեպորտաժ էր պատրաստում Բաթմանի Հասանքեյֆ հինավուրց քարանձավային քաղաքի վերաբերյալ, որը ներկայումս ոչնչացման վտանգի տակ է: Բերման է ենթարկվել նաև նաև լրագրողի թարգմանիչը:
Նրանք մեղադրվում են սոցմեդիայում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու մեջ:
Հարցաքնությունից հետո Դեպարդիոնի գործը փոխանցել են դատարան, որն էլ արտաքսելու մասին որոշում է կայացրել: Ֆրանսիացի լրագրողին տեղափոխել են Թուրքիայի Գազիանթեփ նահանգում գտնվող արտաքսման հարցերով զբաղվող կենտրոն:
Լրագրողի իրավաբանները դիմել են դատարան՝ արտաքսման որոշումը չեղարկելու պահանջով: