Շվեդիայում ներգաղթյալների թվով սիրիացիներն առաջին անգամ առաջ են անցել ֆիններից
Շվեդիայում ֆինները միգրանտների ամենամեծ խումբն էին կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ի վեր, սակայն սիրիացիները նրանցից առաջ են անցել: Այդ մասին է Svenska Dagbladetը՝ վկայակոչելով Կենտրոնական վիճակագրական բյուրոյի (ԿՎԲ) տվյալները:
«Սիրիացիներն առաջ են անցել: Դա պատմական իրադարձություն է»,-նշում է ԿՎԲ-ի աշխատակից Թոմաս Յուհանսոնը: Նրա խոսքով՝ այս տարվա մարտի դրությամբ, Շվեդիայում բնակվող սիրիական ծագմամբ օտարերկրացիների թիվը կազմել է 158 հազար այն դեպքում, երբ ֆինները 153 հազար են: Ընդ որում վիճակագրության մեջ չեն մտնում ապաստան տրամադրելու դիմում ներկայացրածները, խոսքը վերաբերում է միայն երկրում պաշտոնապես գրանցվածներին:
Փորձագետները դրա ակներեւ պատճառը համարում են Սիրիայում շարունակվող պատերազմը: «Վերջին մի քանի տարվա ընթացքում շատ սիրիացիներ են ժամանել: Անցյալ տարի այստեղ 50 հազարից ավելի մարդ է հաստատվել»,-ասում է Յուհանսոնը:
Մինչդեռ Շվեդիայում բնակվող ֆիններն ավելի ու ավելի են պակասում, քանի որ մեծամասնությունը որպես աշխատանքային միգրանտներ այս երկիր էին տեղափոխվել դեռ մինչեւ 80-ական թվականները: Այսօրվա դրությամբ շվեդահպատակների մոտավորապես 18 տոկոսը՝ գործնականում յուրաքանչյուր հինգերորդը, օտարերկրյա ծագում ունի:
Բացի սիրիացիներից ու ֆիններից, առավել խոշոր էթնիկ խմբերը կազմում են իրաքցիները (136,4 հազար), լեհերը (89,3 հազար) եւ իրանցիները (71,3 հազար): Նախկին Հարավսլավիայից սերվածների թիվը հասնում Է շուրջ 170 հազարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: