Մալթայի վարչապետը հայտնվել է Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. Guardian-ի հոդվածը
Եվրամիությունում նախագահող Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի հետ կապված հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս մասին գրում է բրիտանական Guardian-ը` շեշտելով, որ Պանամայի թղթերում տեղեկություններ կան, որ Մուսկատը գումարներ է ստացել է Ադրբեջանի նախագահի աղջկանից:
«Մալթայի Պիլատուս բանկում հաշիվներ էին պահվում օֆշորային կեղծ ընկերությունների համար, որոնք պատկանում էին Մուսկատի կնոջը, Լեյբորիստական կուսակցությունից նրա երկու դաշնակիցներին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի աղջկան` Լեյլա Ալիևային»,- նշվում է հոդվածում:
Սկանդալը նոր զարգացում է ապրել այս տարվա ապրիլի 20-ից, երբ հետաքննող լրագրող Դաֆըն Կարուանա Գալիցիան իր բլոգում այս թեմայով նոր հրապարակմամբ է հանդես եկել` նշելով, որ Մալթայում գրանցված օֆշորային ընկերություններից մեկը` «Էգրանտը» պատկանում է վարչապետի կնոջը` Միշել Մուսկատին:
Լրագրողը բացահայտել է, որ այդ ընկերությանը վարկերի տեքստով ուղղվել են մեծ գումարներ, որոնցից ամենամեծ փոխանցումը` 1 մլն 17 հազար դոլար, կատարվել է այս տարվա մարտին Al Sahra FZCO ընկերության կողմից, որը լրագրողի պնդմամբ, պատկանում է Իլհամ Ալիևի դստերը:
«Այս կապը զարմանք է առաջացնում, քանի որ երկու երկրները նշանակալի համագործակցություն ունեն էներգետիկ ոլորտում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Մալթայում կառուցվող նոր էներգակայանի բաժնետերերից է: Մուսկատը և իր կինը հերքում են «Էգրանտ» ընկերության հետ ունեցած կապերը և պատրաստվում են դատի տալ լրագրողին զրպարտության համար»,- նշում է Guardian-ը:
Հոդվածում շեշտվում է նաև, որ Մալթայում առաջիկա ընտրությունները կայանալու են հունիսի 3-ին, իսկ նման սկանդալները բացասական ազդեցություն են ունենում վարչապետի գլխավորած Լեյբորիստական կուսակցության հնարավորությունների վրա: Թերթը հիշեցնում է նաև, որ Պանամայի թղթերում հայտնաբերված տեղեկատվության արդյունքում մեկ տարի առաջ հրաժարական է տվել Իսլանդիայի վարչապետը: