«Այս մեկ տարվա համագործակցությունը որոշակի լավատեսության հիմքեր է ստեղծել». Աղվան Վարդանյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջին մեկ տարվա համագործակցության արդյունք են քաղաքական համակարգի շարունակական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել սահմանադրական նոր համակարգի ներդրումից հետո: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այ ս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Միանշանակ այս համագործակցության արդյունք է նաև Ընտրական նոր օրենսգիրքը և դրանից բխող այն ընտրությունները, որոնց որակի հետ կապված կարող ենք աննախադեպ բառն օգտագործել: Համագործակցության տեսանկյունից դրական է նոր կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը կառավարման արդյունավետության բարձրացման, օպտիմալացման ուղղությամբ և այլ ուղղություններով, որոնք գերակա են դառնում»,- ասաց Աշոտյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ընդգծեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունն արդյունավետ է եղել, սակայն դեռ բազմաթիվ անելիքներ կան:

«Ես կարող եմ վստահ ասել, որ այս մեկ տարվա համագործակցությունը որոշակի լավատեսության հիմքեր է ստեղծել, որ մենք կկարողանանք երկրում արմատական և որակական բարեփոխումներ իրականացնել և մեր հայրենակիցների համար ստեղծենք լավ պայմաններ: Ուղղությունը հստակ ճիշտ ենք ընտրել, խնդիրն էլ ճիշտ է ձևակերպված: Իսկ եթե խնդիրները ճիշտ են ձևակերպված և կա աշխատելու ցանկություն և եռանդ, արդյունքները երկար սպասել չեն տա»,- նշեց Վարդանյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հավելեց, որ երկու կուսակցությունների համագործակցության ընթացքում խնդիրներ չեն ծնվել: Նրա խոսքով` միգուցե, բոլոր խնդիրները չէ, որ լուծում են ստացել, սակայն նոր խնդիրներ չեն առաջացել, այլ ընդհակառակը` եղել են խնդիրներ, որոնք այդ համագործակցության արդյունքում ինստիտուցիոնալ լուծում են ստացել:

Տեսանյութեր

Լրահոս