ՄԻԵԴ վճռով կառավարությունը 50000 եվրո կվճարի մահացած զինծառայողի ընտանիքին
ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 50 հազար եվրո է հատկացնելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարմանը: Այս մասին տեղեկացնում է «Նոյյան տապանը»:
Ժամկետային զինծառայող Սուրեն Մուրադյանը 2002 թվականին Ղարաբաղում ծառայության ժամանակ հիվանդացել էր, ապա` մահացել:
Եվրոպական դատարանը համարել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը եւ պարտավորեցրել ՀՀ կառավարությանը 50 հազար եվրո փոխհատուցում վճարել Մուրադյանների ընտանիքին: Գումարի վճարումը պետք է իրականացվի մինչեւ մայիսի 24-ը:
Այս վճիռը հնարավոր է դարձել զինծառայողի հոր` Հրաչյա Մուրադյանի տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ, ինչի արդյունքում նրա ձեռք բերած անառարկելի ապացույցները հիմք են հանդիսացել նման որոշման համար:
Հայաստանի իշխանությունները պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում զինծառայողի մահվան գործով ոչ արդյունավետ քննության համար, այսպես է վերնագրված ՄԻԵԴ վճիռը:
ՄԻԵԴ բողոք ներկայացնող հայրը` Հրաչյա Մուրադյանը պնդել է, որ որդին մահացել է սպաների կողմից պարբերաբար բռնությունների կիրառման արդյունքում առաջացած վնասվածքներից, պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, պետությունը չի ապահովել պարտադիր զինվորական ծառայություն անցնող որդու կյանքի իրավունքը:
Ընդհակառակը, ամեն ինչ արվել է մահվան հանգամանքները կոծկելու և մեղավորներին թաքցնելու համար: Առաջ են քաշել մահվան անհավանական վարկածներ, կեղծվել են փորձագիտական եզրակացություններ։