«Բուդաղյանների և նրանց փաստաբանի այս լռությունը թող չմոլորեցնի ոմանց». Հայկ Ալումյան
Հունիսի 1-ին կլրանա 4 տարին, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների արդյունքում սպանվեց Ավետիք Բուդաղյանը, և ծանր մարմնական վնասվածք ստացավ Արտակ Բուդաղյանը: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ չորս տարի տևում է քրեական, դատավարական գործընթացը:
«Վերջին ամիսներին, արդեն բավականին երկար ժամանակ է՝ Բուդաղյանների գործով որևէ նորություն կարծեք թե չկար: Հասարակության շրջանում հավանաբար տպավորություն էր ստեղծվել, որ Բուդաղյաններն այլևս չեն շարունակում իրենց պայքարը, բայց դա այդպես չէ: Պարզապես տեղեկատվության այս համեմատական պակասը պայմանավորված էր նրանով, որ գործը գտնվում էր Քրեական վերաքննիչ դատարանում, և Քրեական վերաքննիչ դաարանի կողմից դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան:
Քրեական վերաքննիչ դատարանը վիճարկվում էր այն օրենքի սահմանադրականությունը, որի վրա մենք էինք հիմնվում՝ Բուդաղյանների կողմը: Բուդաղյանների կողմը հիմնվում էր Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի վրա, որն ասում էր, որ, եթե մահացածի հարազատներն առարկում են մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ապա քրեական դատավարությունը պետք է շարունակվի: Քրեական վերաքննիչ դատարանը կասկածներ ուներ, թե արդյոք այդ հոդվածը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ:
Քրեական վերաքննիչ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան, և մարտի 21-ին Սահմանադրական դատարանը գտավ, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը չի հակասում Սահմանադրությանը, և միաժամանակ իր որոշման մեջ մի շարք գնահատականներ տվեց, որոնք համընկնում էին մեր գնահատականներին»,- ասաց փաստաբանը:
Հայկ Ալումյանն ասաց, որ իրենք համարում էին՝ քննիչը չէր կարող մահացած Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ գնահատականներ տալ, որ նա սպանության փորձ է կատարել Սուրիկ Խաչատրյանի մերձավորների նկատմամբ:
«Քննիչն Ավետիք Բուդաղյանի գործողությունները գնահատել էր՝ որպես սպանության փորձ, այսինքն՝ հաստատված էր համարել, որ Ավետիք Բուդաղյանը նախահարձակ է, ինքն է հարձակվել Սուրիկ Խաչատրյանի մերձավորների վրա, և նրանք էլ ստիպված են եղել պաշտպանվել, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր այն հիմքով, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում:
Սահմանադրական դատարանը գտավ, որ մահացածի վերաբերյալ նման գնահատականներ կարող են տրվել միայն այն դեպքում, երբ գործը կհասնի դատարան, և դատարանը կտա այդպիսի գնահատականներ, որ հանգուցյալը հանցագործություն է կատարել: Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա 2017թ. ապրիլի 27-ին մասնակի բավարարեց նաև Բուդաղյանների բողոքը, և այսօրվա դրությամբ մենք ունենք իրավիճակ, որ վերաքննիչ դատարանը մասամբ համաձայնել է մեր բողոքի փաստարկների հետ:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Բուդաղյանների գործով բաց, հրապարակային դատավարություն պետք է տեղի ունենա, որի ընթացքում միայն կարող է պարզվել, թե արդյոք Ավետիք Բուդաղյանն է նախահարձակ եղել, իսկ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները պաշտպանվե՞լ են, թե՞ հակառակը՝ նրանք են եղել հարձակվողները, և նրանք են այս դեպքի մեղավորները»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Բուդաղյանները ոչ մի րոպե չեն դադարել պայքարել նրա համար, որ արդարությունը վերականգնվի, մեղավորները ենթարկվեն ամենախիստ քրեական պատասխանատվության, և շարունակելու են պայքարել, որքան էլ այդ պայքարը ծանր լինի կամ երկար տևի:
Հայկ Ալումյանը նաև ասաց, որ այս որոշմամբ առաջին անգամ դատարաններն ընդունեցին, որ իրենք ճիշտ են, ճիշտ փաստարկ են բերել, դրանից հետագայում շատ բան է բխելու, սա առաջին քայլն էր.
«Ինչպես մենք տարիներ շարունակ ասել ենք՝ շուտ թե ուշ իրականությունը բացահայտվելու է, և շուտ թե ուշ մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու: Իրենք թող չոգևորվեն՝ կարծելով, որ իրենց արդեն հաջողվել է վերջնականապես մաքուր դուրս գալ այդ պատմությունից: Այդպես չէ: Բուդաղյանների և նրանց փաստաբանի այս լռությունը թող չմոլորեցնի ոմանց, որովհետև պարզապես շատ երկար ամիսներ գործը գտնվում էր Սահմանադրական դատարանում, և պարզապես ոչ մի նորություն չկար այդ գործով»:
Նա նշեց, որ հնարավոր չէ անվերջ կոծկել ճշմարտությունը, հնարավոր չէ անընդհատ անարդար դատական ակտեր կայացնել, և ցանկացած մեկը, ով նույնիսկ ամենաարդար դատական համակարգի պայմաններում պատրաստ է անընդհատ պայքարել, շուտ թե ուշ հասնում է հաջողության: