Բաժիններ՝

25-ամյա Պաշտպանության բանակը եղել է, կա ու միշտ լինելու է իր բարձրության վրա. Լևոն Մնացականյանը հանդես է եկել զեկույցով

Մայիսյան Եռատոնին նվիրված՝ նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո, որտեղ զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Լ. Մնացականյանը մասնավորապես ասել է. «Ապրիլյան քառօրյա առճակատումը և դրան հաջորդած զարգացումները, իրենց թողած ծանր հետևանքներով հանդերձ, միաժամանակ ուղղորդիչ նշանակություն ունեցան՝ ինչպես հայ ժողովրդի հետագա կենսագործունեության կազմակերպման, այնպես էլ նրա զինված ուժերի աստիճանական առաջընթացի ապահովման տեսանկյունից: Կատարվածը հերթական անգամ ապացուցեց, որ Արցախի լինելիության թիվ մեկ գրավականը նրա բանակն է, իսկ վերջինս հզորության հասնելը՝ հայոց համազգային միասնությունը: Սրանք այն երկու բացառիկ արժեքներն են, որոնց հիմքի վրա կառուցվել ու պետք է կառուցվի հայության համար կենսական կարևորություն ունեցող և հաղթանակների կամուրջը:

Ունենալով մինչև ոսկրածուծը հայատյացությամբ լցված ու քաղաքակրթության ամենատարրական ընկալումներից զուրկ հակառակորդ, որ ամեն պահ պատրաստ է դարանակալ հարվածով սպանել երեխային, կնոջն ու զառամյալ ծերունուն, գլխատել ու անարգել մարտադաշտում հերոսաբար նահատակված հայի մարմինը, առավել քան պահանջված է դառնում եղածը շարունակաբար կատարելագործելու, նկատված թերություններից արագ ձերբազատվելու, և որ շատ կարևոր է, գաղափարական հիմքերով ամբողջացած հայության ոգեղեն որակները նպատակին ծառայեցնելու անհրաժեշտությունը»,- ասել է Լ. Մնացականյանը և խոսել ՊԲ-ում կատարված բարեփոխումների, նոր տեխնիկայի ձեռքբերման և ժամանակակից տեսադիտարկման սարքավորումներով հագեցվածության մասին, որոնք հնարավորություն ընձեռեցին՝ ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցող սադրիչ գործողությունների փորձերը կանխելու:

«Մայիսյան եռատոնը մեզ՝ ապրողներիս, առաջին հերթին սովորեցնում է անընդհատ հիշել բոլոր նրանց, ովքեր սրբազան կյանքով կերտել են իրենց անմահության կոթողը՝ լինի դա Մեծ հայրենականի մարտադաշտերում, թե Արցախի պաշտպանության դիրքերում: Նրանց մեծ մասը, հատկապես ապրիլյան պատերազմի օրերին, 18-20 տարեկաններ էին, ովքեր իրենց հրամանատարների գլխավորությամբ կատարեցին անհնարինը: Եվ բացառությամբ մի քանի հենակետերի՝ անառիկ պահեցին մոտ 200 կմ երկարությամբ ձգվող հայոց արևելյան սահմանը: Մարտական գործողությունների առաջին իսկ օրից հայության տարբեր հատվածները ներկայացնող հարյուրավոր կամավորականներ, անտեսելով իրենց տարիքը, առանց որևէ հայտարարության շտապեցին կանգնել առաջնագիծը պահող իրենց զավակների ու եղբայրների կողքին:

Այդ օրերին առանձնակի ակտիվություն ցուցաբերեցին Արցախյան շարժման մասնակիցները, ովքեր, համախմբված լինելով տարբեր հասարակական կազմակերպությունների շուրջ, մեկնեցին ռազմաճակատ և մոտ 2 ամիս մնացին առաջնագծի ամենադժվար մասերում: Արցախը ներկայացնող դիվանագետները գրեթե բոլոր գերտերություններում և հայաշատ վայրերում այդ օրերին գտնվում էին միջազգային մամուլի կենտրոնում»,-մասնավորապես ասել է նախարարը և ընդգծել, որ 25-ամյա պաշտպանության բանակը հայ հասարակության բոլոր շերտերի անմնացորդ աջակցության շնորհիվ եղել է, կա ու միշտ լինելու է իր բարձրության վրա:
Զեկույցից հետո տեղի է ունեցել տոնական համերգ:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ և ՀՀ նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս