«Ի՞նչ է նշանակում՝ չեն ենթարկվում. Նախարարը քաղաքական պաշտոն է». Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ցանկանում է շարունակել իր պաշտոնավարումը՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

«Այս պահին թե՛ կուսակցության, թե՛ Հանրապետության նախագահի դիրքորոշումը, կարծում եմ, այն է, որ պետք է պահպանել ներկայիս կազմը, հատկապես, որ մեծածավալ փոփոխություններ պետք է իրականացնենք ոլորտում: Դեռ որևէ այլ բան չկա»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նոր ձևավորվող կառավարությունում ՀՅԴ-ական նախարարները շարունակելու են աշխատանքը, թե ոչ:

Նա նկատեց, որ ֆորմալ առումով կառավարությունը կազմավորվում է մայիսի 18-ից հետո 10-օրյա ժամկետում վարչապետի նշանակմամբ, իսկ 20-օրյա ժամկետում՝ կառավարության կազմավորմամբ: Հարցին, թե ցանկանո՞ւմ է ինքը մնալ ներկայիս պաշտոնում, Մինասյանը դրական պատասխան տվեց և հավելեց, որ մտադիր է շարունակել բարեփոխումները:

Լրագրողի դիտարկմանը, թե կան պնդումներ, որ դաշնակցական նախարարները չեն ենթարկվում վարչապետ Կարեն Կարապետյանին, աշխատանքների վերաբերյալ զեկուցում են նախագահ Սերժ Սարգսյանին, դաշնակցական նախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ չեն ենթարկվում: Նախարարը քաղաքական պաշտոն է, կան հստակ սահմանված իրավասություններ և պարտականություններ՝ վարչապետ-նախարարներ հարաբերությունների մեջ մենք չենք տեսնում այս պահին որևէ այլ բան, քան շարժվել օրենքով, Նախագահի հրամանագրով ու կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան»:

Տեսանյութեր

Լրահոս