Բաժիններ՝

«1945 թվականի մայիսի 9-ին ես վիրավոր վիճակում գտնվում էի զինվորական հոսպիտալում՝ Ուկրաինայի տարածքում»

Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Գավառ քաղաքի բնակիչ Ալեքսան Պողոսյանը, ով արդեն բոլորել է իր կյանքի 92 տարին, այսօր՝ մայիսի 9-ին, ծաղիկներ խոնարհեց Գավառ քաղաքի Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի հուշարձաններին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում վետերանը պատմեց 1945 թվականի Մայիսի 9-ի Հաղթանակի լուրից ապրած ցնծության մասին:

«1945 թվականի մայիսի 9-ին ես վիրավոր վիճակում գտնվում էի զինվորական հոսպիտալում՝ Ուկրաինայի տարածքում: Երբ հոսպիտալում տարածվեց Մեծ հաղթանակի լուրը, բոլոր վիրավորներն ու հիվանդները տեղերից վեր թռան, ասես երկրորդ շնչառություն առան ու սկսեցին գրկախառնվել, պարել, թռչկոտել: Շատերը մոռացել էին, որ թեւ կամ ոտք չունեն, որ շարժվելու իրավունք չունեն, բայց ուրախալի լուրը կազդուրել էլ բոլոր վիրավորներիս հոգիները»,- պատմեց Ալեքսան Պողոսյանը:

Վետերանը հավելեց նաեւ, որ 72 տարիների հեռվից ինքն այսօր ապրում է նույն ցնծությունը, երբ տեսնում է իր կանգուն հայրենիքը, ազատագրված Արցախը, իրենց հաղթական փառքը կերտող ու շարունակող հայ զինվորին:

«Եթե 1945 թվականի մայիսի 9-ը ես դիմավորել եմ հոսպիտալում, վիրավոր ու ավելի անշուք վիճակում, ապա այժմ այն տոնում եմ ավելի տոնական միջավայրում, Արցախն ազատագրած սերնդի հետ, պատանի երկրապահների հետ: Տեսնելով իմ շեն ու կանգուն աշխարհը՝ հուշարձաններին ծաղիկներ խոնարհող մեր ալեհերներին, ջահելներին ու երեխաներին, հպարտանում եմ այն մտքից, որ ինքս էլ ժամանակին ավանդ եմ դրել իմ հայրենիքի Հաղթանակի եւ խաղաղության համար»,-ասաց Ալեքսան Պողոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս