Երևանում ծնված հնգյակից երկու աղջիկների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
Երեւանում ծնված հինգ երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ նույնը: «Արմենպրես»ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը տեղեկացրեց, որ տղա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Սուրբ Աստվածամայր եւ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններ տեղափոխված աղջիկների վիճակը եւս անփոփոխ է` կայուն ծանր: Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի խոսքով`հնգյակի աղջիկներից մեկն իրենց մոտ է տեղափոխվել 820 գրամ քաշով:
«Այսօրվա դրությամբ փոքրիկն արդեն կշռում է 860 գրամ: Այսինքն` քաշն ավելացել է, իսկ դա նշանակում է, որ արդեն իսկ առողջացման դրական միտում նկատվում է: Երբ փոքրիկը դառնա 1.5 կիլոգրամ, արդեն իսկ կարող են ասել, որ այլեւս կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց բժիշկը: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքից էլ տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող աղջկա քաշը եղել է 830 գրամ:
«Աղջկա քաշն իջել էր, սակայն այսօրվա դրությամբ նորից նա կշռում է 830 գրամ»,-տեղեկացրին հիվանդանոցից: Մեծամորից 23-ամյա կինը հնգյակին լույս աշխարհ է բերել մայիսի 3-ին: Նրանցից երկուսը մահացել են: