
Յունկերը Թուրքիային նորից զգուշացնում է

Եվրահանձնաժողովի նախագահ Յան Կլոդ Յունկերը զգուշացրել է, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա վերջինս չի դառնա Եվրամիության անդամ (ԵՄ):
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ այդ մասին Յունկերը հայտարարել է գերմանական «Rheinische Post »թերթի հետ զրույցում: Նրա խոսքերով՝ այդ քայլով Թուրքիան ոչ միայն կհատի գոյություն ունեցող «կարմիր գիծը» այլ դա կլինի «բոլոր կարմիր գծերից ամենա կարմիրը»:
Յունկերն ասել է, որ նման որոշումը ճանապարհ կբացի դեպի բանակցությունների խափանում, քանի որ ԵՄ-ի սկզբունքների մեջ է մտնում հարգանք ցուցաբերել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ: Նա հիշեցրել է, որ Եվրոպական կոնվենցիան ստեղծվել է մարդու իրավունքների և մարդկանց ազատոությունը պաշտպանելու հիման վրա: Իսկ այդ արժեքները արգելում են մահապատժի կիրառությունը
«Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի անդամ և ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, պարտավոր է համապատասխանել առանցքային արժեքների՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ազատության հարցերում գոյություն ունեցող չափանիշներին: Այդ հարցում նույնիսկ մեկնաբանություն անելու կարիք չկա: Մայիսին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավորություն կլինի, որ մենք մեր հարցերը ուղղենք Էրդողանին: Նա ի՞նչ է մտածում Թուրքիայի ապագայի վերաբերյալ: Եվրոպայի հե՞տ է, թե ոչ»:
Նա տեղեկացրել է, որ բանակցությունները դադարեցնելու մասին որոշումը կայացնելու է ոչ թե եվրահանձնաժողովը, այլ ԵՄ-ի անդամ երկրները: