
Թոմաս Տուխելը կոնֆլիկտի մեջ է «Բորուսիայի» ղեկավարության և ֆուտբոլիստների հետ

Թոմաս Տուխելը կարող է հեռանալ «Բորուսիայից»: Ինչպես հաղորդում է Bild-ը, 43-ամյա մասնագետը կոնֆլիկտ ունի ակումբի ղեկավարության հետ, որը կասկածի տակ է դնում մարզչի՝ Դորտմունդում մնալու հնարավորությունը:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ Տուխելը կոնֆլիկտի մեջ է գտնվում ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի հետ, որ արդեն հրապարակայնորեն քննադատել է մարզչին: Վատցկեին աջակցում է նաև «Բորուսիայի» նախագահ Ռայնխարդ Ռաուբալը:
Տուխելը չի կարողանում հարթել նաև հարաբերությունները խաղացողների հետ: Որոշ ֆուտբոլիստներ բողոքում են հենց խաղի ընթացքում կատարած չափից շատ տակտիկական փոփոխություններից:
«Մեզ նախազգուշացրել էին «Մայնցից», որ դժվար կլինի: Մեկ ու կես տարի ամեն ինչ լավ էր գնում, մենք ոչ մի պրոբլեմ չունեինք: Հետո ամեն ինչ այնպես կատարվեց, ինչպես ասում էին «Մայնցի» տղաները»,- հաղորդել է աղբյուրը «Բորուսիայից»:
Թոմաս Տուխելն աշխատում է Դորտմունդում 2015թ. հունիսի 1-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը