15 000 դրամ սոցաջակցություն ընտրակաշառքը մերժածներին. «Ելքի» առաջարկը ընտրվելու դեպքում. tert.am

«Ելք» դաշինքն այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ նախընտրական ծրագրում կարևոր փոփոխություն են մտցնում. այն քաղաքացիները, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքով քվեարկել, «Ելքի» հաղթանակի դեպքում Երևանի քաղաքապետարանից կստանան սոցիալական աջակցություն 15 000 դրամի չափով:

«Քննարկումների արդյունքում և ընտրողների հետ հանդիպմանը որոշում ենք կայացրել, որ Երևանի ավագանու մեծամասնություն ձևավորելուց հետո Ելք դաշինքը մի շարք փոփոխություն է կատարելու բյուջեում, որտեղ ներառելու ենք նոր հոդված՝ սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հարկադրվող քաղաքացիներին: Այսինքն՝ հաղթանակի դեպքում ընտրություններից հետո այն քաղաքացիները, որոնք դիմում կներկայացնեն և կասեն, որ հրաժարվել են ընտրակաշառքով ընտրել, կոնկրետ չափի սոցիալական օգնություն կստանան, և դա կլինի Երևանի քաղաքային բյուջեի ծախսային հոդված»,- ըստ tert.am-ի ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ այդ քաղաքացիները բյուջեի տերն են և իրավունք ունեն որոշում կայացնելու՝ բյուջեն ինչպես ծախսել և կարող են իրենց հանձնարարել, որ բյուջեի մի հատվածը ծախսեն այդ նպատակի համար։

Դիտարկմանը, թե դա նույն ընտրակաշառքը չէ՞, Փաշինյանն արձագանքեց, որ ոչ, քանի որ դա կլինի ավագանու կայացրած որոշման շրջանակներում:

«Հետո ՀՀ-ում դուք տեսե՞լ եք, որ որևէ մեկը ասուլիս հրավիրի և հայտարարի, որ մենք ընտրակաշառք են խոստանում: Ընտրակաշառքը քրեական հանցագործություն է, իսկ մեր առաջարկը օրենքով կլինի»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս