Մեյը հուսով է, որ բրիտանացիներն իրեն կօժտեն նույնքան զորեղ մանդատով, որպիսին ունի Մակրոնը
Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Պապանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը կցանկանար Brexit-ի պայմանների շուրջ Եվրամիության իշխանությունների հետ առաջիկա բանակցություններում ունենալ նույնքան գործուն մանդատ, որքան եւ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 8-ի վաղաժամկետ համընդհանուր ընտրություններին նախորդող քարոզարշավի շրջանակներում Լոնդոնի Արեւմտյան Հերոու ընտրատարածքում իր կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը:
«Երեկ Ֆրանսիան ընտրեց նոր նախագահին: Նրան ընտրեցին՝ օժտելով լայն լիազորությունների մանդատով, ինչը ուժեղացնում է նրա դիրքը բանակցություններում: Մենք պետք է երաշխավորենք, որ բանակցություններ վարելու համար նույնքան գործուն մանդատ կունենա նաեւ Մեծ Բրիտանիան: Իմ ու իմ թիմի օգտին տրված յուրաքանչյուր ձայնը կուժեղացնի իմ դիրքը այդ բանակցություններում»,-ասել է Մեյը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը մտադիր է խիստ մոտենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցին, ինչի մասին հայտարարել է հանրապետության նոր ղեկավարի խորհրդական Ժան Պիզանի Ֆեռին: Նա BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Մակրոնը կլինի «խիստ եւ պահանջկոտ գործընկեր», բայց չի պահանջի «պատժել» Մեծ Բրիտանիային:
Միեւնույն ժամանակ պաշտոնյան ասել է. «Չեմ կարծում, թե ինչոր մեկը շահագրգռված է կոշտ Brexit-ի հարցում»: Նրա խոսքով՝ «բոլորի շահերից է բխում» կայուն տնտեսական, գիտական կապերի եւ անվտանգության բնագավառում կապերի պահպանումը Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ՝ տնտեսական բարգավաճման վիճակը պահպանելու համար, որը գոյություն ունի»: «Մենք պետք է նոր հարաբերություններ կառուցենք»,-ընդգծել էՊիզանի Ֆեռին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։