
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մայիսի 8-ին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ: Այդ մասին ասված է Facebook սոցցանցում կառավարության ղեկավարի էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը Սպիտակ տանը հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ: Կվիրիկաշվիլին բանակցություններ կվարի նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Ծրագրված են Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումները նաեւ ԱՄՆ-ի Սենատի տարբեր կոմիտեների ղեկավարների, ինչպես նաեւ երկրի փորձագիտական շրջանների առաջատար ներկայացուցիչների հետ:
Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, նրա տեղակալ Դավիթ Զալկալիանին եւ վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Թեդո Ջափարիձեն: Վրաստանի վարչապետի ԱՄՆ պաշտոնական այցը կշարունակվի մինչեւ մայիսի 10-ը: