Բաժիններ՝

Մելանշոնն իր կողմնակիցներին դիմադրության կոչ է արել խորհրդարանական ընտրություններում

«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, որը չորրորդ տեղն էր զբաղեցրել նախագահական ընտրությունների առաջին փուլում, երկրորդ փուլից հետո մայիսի 7-­ի երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է Մարին լե Պենի պարտությունը՝ նշելով, որ «երկիրը համատարած մերժել է ծայրահեղ աջերին»:

Նրա խոսքով՝ քաղաքավարությունը եւ ժողովրդավարական ավանդույթը հարկադրում են ընդունելու Մակրոնի հաղթանակը եւ շնորհավորելու նրան:

«Նոր միապետ­նախագահի ծրագիրը հայտնի է: Դա պատերազմն է երկրի սոցիալական նվաճումների դեմ եւ բնապահպանական անպատասխանատվությունը»,­-շարունակել է Ժան Լյուկ Մելանշոնը:

Ընդսմին նա կարծում է, որ դրությունն անելանելի չէ: «Խորհրդարանական ընտրությունները պետք է ցույց տան, որ բողոքի քվեարկությունից եւ ահի քվեարկությունից հետո եկել է դրական ընտրության, համատեղ ապագայի ընտրության պահը»,­-ասել է նախագահի նախկին թեկնածուն:

Նա այն 7 միլիոն մարդկանց, ովքեր պաշտպանել են իր նախագահական ծրագիրը, կոչ է արել «մոբիլիզացվելու եւ միավորվելու, անկախ այն բանից՝ իրենք քվեարկել են պարոն Մակրոնի օգտին, թե՝ ոչ»:

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ հունիսի 11­-ին եւ 18-­ին, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս