Լե Պենն ընդունել է պարտությունն ընտրություններում և Մակրոնին շնորհավորել է հաղթանակի առթիվ
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենը հայտարարել է, որ մայիսի 7-ին զանգահարել է «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին՝ շնորհավորելու նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։
«Ես զանգահարեցի Էմանուել Մակրոնին՝ շնորհավորելու նրան հաղթանակի առթիվ: Ես նրան հաջողություններ մաղթեցի, քանի որ ինձ համար գլխավորը Ֆրանսիայի գերագույն շահերն են»,-ասել է լե Պենը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:
Նա «պատմական եւ ծանրակշիռ» է որակել ընտրություններում իր գրանցած արդյունքը եւ շնորհակալություն է հայտնել այն շուրջ 11 միլիոն ֆրանսիացիներին, որոնք իր օգտին քվեարկել են երկրորդ փուլում: Ընդսմին «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարը խոստացել է Մակրոնի շարժման դեմ պայքարել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ իր կուսակցությունը համարելով «առաջին ընդդիմադիր ուժը երկրում»:
Ինչպես արդեն տեղեկացվել է, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 66,06 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը, ստացել է ձայների 33,94 տոկոսը: Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ:
Երկրորդ փուլում ընտրություններին ընդհանուր մասնակցութունը կազմել է 74,62 տոկոս: Ընդ որում ընտրողների 6,33 տոկոսը կամ 3 մլն մարդ չլրացված քվեաթերթիկներ է նետել քվեատուփերի մեջ՝ չցանկանալով քվեարկել թեկնածուներից որեւէ մեկի օգտին: Քվեաթերթիկների եւս 2,24 տոկոսը անվավեր է ճանաչվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: