Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի մեկնարկին
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տրվել է Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Կրթական այս ծրագրին մասնակցում են Ստեփանակերտի մոտակա զորամասերի 200-ից ավելի ժամկետային զինծառայողներ:
ՀՀ պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ այս նախաձեռնությունն իրականացվում է ս.թ. փետրվարից. «ԹՈւՄՈ-բանակ»-ը մեկնարկել է Դիլիջանի «ԹՈՒՄՈ» կենտրոնում, որտեղ զինվորներն արդեն հաղթահարել են կրթական ծրագրով նախատեսված շարունակական ուսուցման առաջին փուլը:
Ծրագիրը, պատասխանատուների հավաստմամբ, հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա յուրահատուկ կրթական միջավայրում ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց մրցունակությունը թե՛ ծառայության ընթացքում, թե՛ զորացրվելուց հետո։
Հանրապետության նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել «ԹՈւՄՈ-բանակ»-ի իրականացման ընթացքին և կրթական այս նախաձեռնության զարգացման հետագա ծրագրերին, զրուցել զինծառայողների և կենտրոնի աշխատակիցների հետ, մաղթել հաջողություններ կարևոր այս ծրագրի իրականացմանը: